ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին առիթով

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին առիթով

Ապրիլի 10-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնում տեղի է ունեցել յուշ երեկոյ` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին:

Լիբանանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան օրհներգներից յետոյ բացման խօսքով հանդէս է եկել Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Աշոտ Քոչարեանը: Նա իր խօսքում նշել է, որ 99 տարի յետոյ էլ Հայոց ցեղասպանութեան հարցը մնում է բաց, քանի որ հայ ժողովրդի հանդէպ իրականացուած յանցագործութեան հետեւանքները չեն վերացուել:

Լիբանանի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Կենտրոնական մարմնի անունից հանդէս է եկել Ռաֆայէլ Ումուտեանը, ով բարձր է գնահատել արդիւնաւէտ գործունէութիւնը եւ սերտ համագործակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան հետ: Իր ելոյթում նա կարեւորել է համակարգուած աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանութեան միջազգային ճանաչման, որպէս պատմական ճշմարտութեան վերականգնման, համընդհանուր դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղութեամբ: Նա առաջարկել է, որպէսզի ապրիլի 24-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչուի Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր:

Յուշ երեկոյին ելոյթներ են ունեցել նաեւ Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ներկայացուցիչ Ղասսան Մուխայպերը եւ Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, նուիրակ Կապրիելա Քաչչան, որոնք կիսելով հայ ժողովուրդի ցաւը եւ անդրադառնալով 20-րդ դարի ոճրագործութիւններին յոյս են յայտնել, որ միջազգային հանրութիւնը ջանք չի խնայի կանխելու մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները:

Ելոյթներից յետոյ երգչուհի Շողիկ Թորոսեանը եւ դաշնակահար Յասմիկ Գասպարեանը կատարեցին «Կիլիկիա», «Կռունկ» եւ «Աւէ Մարիա» երգերը: Երեկոյի ընթացքում ցուցադրուել են փաստավաւերագրական ժապաւէններ: Հիւրերը իրենց գրառումները թողեցին Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման յուշամատեանում:

Միջոցառմանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ Կ֊աթողիկոս Արամ Ա.-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանը, Հայ կաթողիկէ Պատրիարք Կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծաւոր, գերապայծառ Գաբրիէլ Մուրատեանը, Լիբանանի ուժանիւթի եւ ջրի նախարար Արթիւր Նազարեանը, Լիբանանի խորհրդարանի պատգամաւորներ, արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներ, Լիբանանում հաւատարմագրուած դեսպաններ, քաղաքական կուսակ-ցութիւնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական մարմնի անդամները, ինչպէս նաեւ Թեհրանի եւ Քուէյթի 100-ամեակի մարմնի ներկայացուցիչներն ու հիւրեր Հայաստանից: