ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՔԻՆ՝ ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՔԻՆ՝ ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպութիւնը, Ղարաբաղեան հակամարտութեան սրացման առաջին իսկ օրուանից, տարբեր ծրագրերով ու գործողութիւններով փորձում է աջակցել Արցախին՝ կանգնելով պետութեան կողքին:

Տարբեր դոնոր կազմակերպութիւնների ու անհատ բարերարների նուիրատուութիւնների շնորհիւ «Հայկական Կարիտաս»ը մարդասիրական օգնութիւն է տրամադրում Արցախի Հանրապետութիւնում լայնածաւալ ռազմական գործողութիւնների հետեւանքով Հայաստան տեղափոխուած Արցախի բնակիչներին։

 

 

ՀՀ կառավարութեան եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութեամբ, «Հայկական Կարիտաս»ը կարիքի վրայ հիմնուած աջակցութիւն է տրամադրում Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխուած անձանց՝ սննդի եւ առողջապահական, առաջին անհրաժեշտութեան անհատական օգտագործման պարագաներ, անհրաժեշտութեան դէպքում նաեւ դեղորայք: Տրամդրւում է նաեւ սոցիալ-բժշկական աջակցութիւն:

Համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ, Նոյեմբերի 4-ի դրութեամբ, 90 ընտանիքի՝ աւելի քան 400 անձ, տրամադրել է սննդի ու հիգիենիկ պարագաների փաթեթներ: Անհրաժեշտութեան դէպքում կազմակերպել է այս ընտանիքների առաջնային բժշկական օգնութիւնն ու խնամքը:

Հայ կաթողիկէ եկեղեցու հետ համատեղ, Թորոսգիւղի «Աղաճանեան» ճամբարում, կազմակերպում է Արցախից տեղափոխուած 7 ընտանիքի կեցութիւնը:

Հայկական Կարիտասի աջակցութիւնից օգտուել են նաեւ Գորիսի հիւրանոց տեղափոխուած ընտանիքները:

Աւելի քան 600 ընտանիք՝ Արարատի մարզում, առաջիկայում կը ստանայ տաք ծածկոցներ ու առողջապահական պարագաների փաթեթներ:

Սնունդ, առողջապահական պարագաներ ու տաք հագուստներ նախատեսուած է նաեւ եւս 150 ընտանիքի:

Այս ընթացքում, կազմակերպութիւնը աջակցել եւ շարունակում է աջակցել ՀՀ Պաշտպանութեան ու Առողջապահութեան նախարարութիւններին: Սերտ համագործակցելով Գիւմրու «Արեան բանկ»ի հետ, աշխատակիցներից շատերը հանդիսացել են կամաւոր դոնորներ, կազմակերպւում է նաեւ արեան տեղափոխումը Երեւանի «Յոլեանի անուան Արիւնաբանական կենտրոն»:

Շարունակաբար իրականացնում է մարդասիրական կարիքների գնահատում՝ նոր կարիքներ բացայայտելու եւ համապատասխան արձագանքը շարունակելու համար։ Կազմակերպութեան սոցիալական աշխատողները համագործակցում են նաեւ մարզպետարանների հետ, իսկ անհրաժեշտութեան դէպքում իրականացնում հիւրընկալող ու հիւրընկալուող ընտանիքների կարիքների գնահատում:

«Հայկական Կարիտաս»ն աջակցութիւն է տրամադրում նաեւ վիրաւոր զինուորներին եւ նրանց հարազատներին։

Կազմակերպութեան կամաւորական կորպուսի կամաւորները հոգում են երեխաների առօրեան՝ խաղերով ու նրանց ներգրաւելով տարբեր ժամանցային խմբերում:

Կամաւորութեան սկզբունքով, ազատ ժամերին, աշխատակիցներից շատերը տաք հագուստներ են կարում Արցախ ուղարկելու համար:

Բոլոր ծրագրերն ու գործողութիւններն իրականացւում են պահպանելով հակահամաճարակային կանոնները: