«ԵԹԷ Կ’ՈՒԶԷՔ ԻՆԾԻ ՅԱՂԹԵԼ, ՈՒՂՂԵՑԷՔ ՁԵՐ ԿԵԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԸ» Կ’ԸՍԷ ՔՈՐՈՆԱՎԻՐԻՒՍԸ

«ԵԹԷ Կ’ՈՒԶԷՔ ԻՆԾԻ ՅԱՂԹԵԼ, ՈՒՂՂԵՑԷՔ ՁԵՐ ԿԵԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԸ» Կ’ԸՍԷ ՔՈՐՈՆԱՎԻՐԻՒՍԸ

ԱՐԺ․ ՏԷՐ ԿՈՄԻՏԱՍ ՔՀՆՅ․ ԴԱՒԷԵԱՆ

————————————————————

Վերջերս շատ եմ մտածել ու փորձել ինչ-որ բան հասկանալ, որովհետեւ այս անհեթեթ իրավիճակը որի մէջ թաթախուած ենք, պէտք է որ ինչ-որ իմաստ ունենայ: Մի պահ երեւակայեցի որ Վիրուսը խօսելու ունակութեամբ օժտուած լինէր եւ պատկերացրեցի թէ ինչ կը կարողանար մեզ ասել ինչ-որ նամակի միջոցով: Եւ սրանք են այն խօսքերը որ կարողացայ գրի առնել թղթի վրայ:

Բարեւ, ես COVID-19-ն եմ, ձեզնից շատերն ինձ կը ճանաչեն որպէս Քորոնա Վիրուս (Թագակիր Վիրուս): Այո, դա իսկապէս ես եմ: Կը ներէք որ առանց կանխազգուշացման եմ եկել, բայց ինձ թոյլ չէր տրուած տեղեակ պահել թէ ե՞րբ կամ ի՞նչ կերպարանքով կամ ի՞նչ ուժգնութեամբ կը ներկայանայի ձեր առջեւ: Լաւ: Իսկ ինչո՞ւ եմ այստեղ:

Դէ, ասեմ որ այստեղ եմ, որովհետեւ յոգնել էի այն պատկերից որ փոխանակ տեսնէի ձեր առաջխաղացումը, ականատեսն էի դառնում ձեր յետընթացին՝ ձեր ձեռքերով ինքներդ ձեզ քայքայելուն:

Յոգնել էի այն փաստից թէ ինչպէս էք վերաբերւում ձեր մոլորակի հետ, ինքներդ ձեզ հետ, միմեանց նկատմամբ:

Յոգնել էի ձեր անարդարութիւններից, ձեր բռնութիւններից, պատերազմներից, ձեր ներանձնական կոնֆլիկտներից եւ ձեր նախապաշարումներից: 

Յոգնել էի ձեր սոցիալական նախանձներից, ճարպիկութիւններից, ձեր կեղծաւորութիւնից ու եսասիրութիւնից:

Յոգնել էի այն փաստից, որ ինքներդ ձեզ շատ քիչ ժամանակ էք տրամադրում, որ մոռանում էք ընտանիքի մասին, որ անուշադրութեան էք մատնում ձեր զաւակներին:

Յոգնել էի ձեր մակերեսային մտածելակերպից, որ շատ յաճախ արժեւորում էք չնչին իրողութիւնները եւ մոռանում էականները:

Յոգնել էի ձեր մտասեւեռուած, սրտնեղած փնտռտուքներից թէ ինչպիսի զգեստ պիտի կրէք, կամ ինչ հեռախօս պիտի գնէք կամ որ մեքենան պիտի վերցնէք, որպէսզի ձեզ թուացեալ կայունութիւն պարգեւէք:

Յոգնել էի ձեր դաւաճանութիւններից, ձեր ապատեղեկատուութիւնից, այն իրողութիւնից որ միմեանց հետ շփուելու ժամանակ գրեթէ չէք ունենում:

Չափազանց շատ էի յոգնել ձեր անվերջանալի բողոք-տրտունջներից, երբ մատ-մատի չէիք տալիս ձեր կեանքն աւելի բարելաւելու համար:

Յոգնել էի չնչին բաների պատճառով միմեանց մեղադրող ձեր հայեացքներից ու պահուածքից:

Յոգնել էի անվերջանալի քաղաքական պոռթկումներից եւ սխալ ընտրութիւններից:

Յոգնել էի տեսնել թէ ֆութպոլային խաղի արդիւնքից մարդիկ ինչպէս են միմեանց հայհոյում եւ նոյնիսկ սպանում:

Գիտեմ, դաժան եմ լինելու ձեզ հետ, գուցէ չափից շատ, բայց չեմ կարող զիջումների գնալ: Ես վիրուս եմ, եւ իմ գործողութիւնները կեանքեր կ’արժենան, բայց ուզում եմ որ մէկընդմիշտ մի բան հասկանաք, որ պէտք է փոխէք ձեր ընթացքը ձեր իսկ բարիքի համար:

Այն պատգամը, որի համար ես հիմա այստեղ եմ, շատ պարզ է՝ ուզեցի ընդգծել ձեր մարդկային հասարակութեան թոյլ կողմերը, որպէսզի դրանք կարողանաք վերացնել:

Ամէն ինչ մի պահ կանգնեցրի, որպէսզի հասկանաք որ այսօրուանից յետոյ միակ կարեւոր բանը որին պէտք է ուղղէք ձեր ամբողջ կարողութիւնն ու էներգիան հետեւեալն է՝ կեանքը, ձեր եւ ձեր երեխաների կեանքը, եւ այն ամէնը՝ ինչն իսկապէս անհրաժեշտ է կեանքի պահպանման, գգուանքի եւ տարածման համար:

Ցանկացել եմ ձեզ մեկուսացնել, հեռաւորութեան վրայ պահել ձեր իսկ հարազատներից՝ տատիկներից, պապիկներից, ծնողներից, երեխաներից եւ թոռներից, բանտարկել ձեզ ձեր իսկ օջախներում, որպէսզի հասկանաք վերջապէս, թէ ինչքան թանկ է գրկախառնումը, մարդկային հպումը, երկխօսութիւնը, ձեռքսեղմումը, ընթրիքը ընկերների հետ, դրսում պարզապէս քայլելը կամ վազելը:

Ահա այս ժեստերից է որ ամէն ինչ նորովի պիտի սկիզբ առնի: Բոլորդ հաւասար էք, իրար մէջ տարբերութիւն մի դրէք: Ես ձեզ ապացուցեցի որ սահմաններ գոյութիւն չունեն: Շատ քիչ ժամանակում հազարաւոր քիլոմեթրեր անցայ առանց ձեր իմացութեան:

Ես անցողիկ եմ, սակայն այն մտերմութեան եւ համագործակցութեան զգացումը որ ստեղծեցի ձեր միջեւ կարճ ժամանակահատուածում, պէտք է դարեր յարատեւեն:

Պարզապէս ապրէ՛ք ձեր կեանքը, քայլէ՛ք, խորը շնչէք, բարի՛ք գործէք, քանզի բարին ձեզ ետ կը վերադառնայ տոկոսներով: Վայելէ՛ք բնութիւնը, արէք այն՝ ինչը ձեզ դուր է գալիս եւ գոհացնում է: Ամէն ինչ ներդրէք որպէսզի ուրիշից կախուած չլինէք:

Երբ դուք տօնէք, ես ձեզ արդէն լքած կը լինեմ, բայց յիշէք որ պէտք չէ լաւ մարդ խաղալ միայն իմ ներկայութեան ժամանակ:

Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս:

Քանաքեռ, Երեւան