ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Հայն իր մանկանը կոչել է Ազատ,

Որ ազատ լինի հողը հարազատ:

 

Բայց յարձակուել են վայրենի՜ մարդիկ,

Եւ նա զաւակին կոչել է Մարտի՛կ: 

 

Երկիրն է պղծել թշնամին հրէշ,

Եւ հայրը որդուն կոչել է Վրէ՛ժ: 

 

Որպէսզի որդին կռուի տաքարիւն,

Հայրը ծնուածին կոչել է Կորիւն:

 

Նահատակնե՜ր են պէտք եղել հերոս,

Եւ նոր անուն է գտել՝ Մարտիրոս:

Որպէսզի երկիրն առնի յարութիւն,

Հայը կոչուել է նաեւ Յարութիւն:

 

Լաւ լուրերի է սպասել յաւէտ,

Եւ իր մանչուկին ասել է Աւետ:

 

Որ ազգը կռուի եւ մնայ սակայն,

Որդուն կոչել է նա Մնացական:

 

Յոյսո՛վ է ապրել մթնում խաբուսիկ

Եւ անուանել է իր որդուն Յուսիկ:

 

Այժմ հայն ունի բախտաւո՜ր մի կեանք

Եւ զաւակներին անուանում է Հայկ…

 

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿԵԱՆ