Ստորեւ հատուածներ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանի՝ Եգիպտոս պաշտօնական այցին ընդառաջ (24-28 սեպտեմբեր 2018) Եգիպտոսի Al-Ahram Weekly եւ Al-Ahram Online պարբերականներուն տուած հարցազրոյցէն, զոր վարած է Նորա Քոլոյեան-Քիւհնելեան։
– Մեծարգոյ պարո´ն Հայրապետեան, դուք աւարտել եք Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան բաժինը: Առաջիկայում աշխատանքային այցով լինելու եք Մերձաւոր Արեւելքի հայկական համայնքներում: Կը խնդրէի ներկայացնել ձեր այցի մանրամասները եւ արդեօք որքանո՞վ այն արդիւնաւէտ կ’ըլլայ Հայաստան-Սփիւռք կապերու ամրապնդման տեսանկիւնէն: Խնդրեմ նշեցէք, թէ ո՞ր երկիրները կը պատրաստուիք այցելել։
– Որպէս արեւելագէտ՝ ինձ համար անչափ կարեւոր են մերձաւորարեւելեան տարածաշրջանի համայնքներ այցելութիւնները: Այս այցից առաջ ես աշխատանքային այցով լինելու եմ Սիրիայում, հանդիպումներ եմ ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանօթանալու եմ Սիրիայի հայ համայնքի ներկայ վիճակին, պատերազմի ընթացքում կրած վնասներին և առկայ խնդիրներին: Պատերազմի հետեւանքով Սիրիայի, մասնաւորապէս Հալէպի հայ համայնքը յայտնուել է տնտեսական լուրջ դժուարութիւնների առջեւ: Մեծապէս տուժել է Սիրիայում հայկական հարուստ հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը, որը դարձել է ահաբեկչական գործողութիւնների եւ վանդալիզմի զոհ: Այնուհետեւ աշխատանքային այցով կը լինեմ Լիբանանում, հանդիպումներ կ’ունենամ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր կազմակերպուածութեամբ, համախմբուածութեամբ լիբանանահայ համայնքը շարունակում է մնալ օրինակն այն բանի, որ հնարաւոր է ապրել հայրենիքից հեռու ու մնալ հայ, խօսել հայերէն, յաճախել հայկական դպրոց ու հայկական համալսարան, հիմնել բարեգործական, մշակութային եւ մարզական կազմակերպութիւններ, ունենալ հարուստ հայալեզու մամուլ ու գրականութիւն: Հարուստ ու ոչ պակաս հետաքրքիր համայնք է նաեւ եգիպտահայ համայնքը: Եգիպտահայ համայնքում են հիմնադրուել Սփիւռքի երկու նշանաւոր համազգային կառոյցները, որոնք ցայսօր շարունակում են իրենց ազգանպաստ գործունեութիւնը։ Այդ կառոյցներից մէկը 1906-ին. Գահիրէում հիմնադրուած Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնն (ՀԲԸՄ) է, միւսը՝ 1928-ին կրկին Գահիրէում հիմնադրուած Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը։
Ընդհանրապէս, Մերձաւոր Արեւելքի երկրներում Հայոց ցեղասպանութիւնից յետոյ մեր հայրենակիցները փրկութիւն եւ ապաստան գտան, ամրացան ու ոտքի կանգնեցին:
– Մեծարգոյ պարո´ն Հայրապետեան, որպէս սփիւռքի նախարար՝ ինչպէ՞ս կը գնահատէք վերջին տարիներին հայրենադարձութեան փաստը Հայաստանում, արդեօք աւելացե՞լ է հայրենադարձների թիւը: Պատրա՞ստ է Հայաստանը ընդունելու հայրենադարձուածների մեծ ալիք հայկական սփիւռքից: Ի՞նչ ունէք նրանց առաջարկելու եւ որքանո՞վ նրանք կարեւոր, արդիւնաւէտ կարող են լինել Հայաստանի տնտեսութեան համար:
– Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ մեր բազմաթիւ հայրենակիցներ վերադարձել են հայրենիք բնակութեան կամ նախապատրաստում են իրենց վերադարձը, հետաքրքրուած են Հայաստանի ամենօրեայ կեանքով, զանգահարում են, այցելում ու նամակներ գրում մեզ: Կառավարութեան ծրագրում եւս յստակ նշուած է, որ հայրենադարձութիւնը Հայաստանի Հանրապետութեան սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրութեան, անվտանգութեան բարելաւման եւ այլ գործընթացների համար կարեւոր նախապայման է: Սփիւռքի նախարարութիւնը հայրենադարձութեան խթանման ուղղութեամբ իրականացնում է իրաւական ու ծրագրային աշխատանքներ: Սակայն երբ խօսում ենք հայրենադարձութեան մասին, նախեւառաջ նկատի ունենք հայրենադարձութեան ինստիտուցիոնալ կազմակերպումը, երբ պետութիւնն ինքն է կոչ անում վերադառնալ՝ ստեղծելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցուածքներն ու պայմանները: Այս առումով մենք դեռ պատրաստ չենք մեծ ներգաղթի: Բայց, ուրախ ու սրտացաւ ենք իւրաքանչիւր եկողի համար, սակայն վերոնշեալ յստակ համակարգային մեխանիզմների բացակայութեան պատճառով՝ պետութիւնը դեռ չի կարող մեծաթիւ, հարիւր հազարաւոր հայրենադարձների ընդունել, պայմաններ ստեղծել, բացառել բոլոր ռիսկերը ու ամբողջապէս նպաստել նրանց սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ինտեգրմանը: Շատ սփիւռքահայեր այսօր էլ ներդրումներ են կատարում Հայաստանում, հիմնում իրենց բիզնեսը հաւասար պայմաններում՝ վստահ լինելով, որ պետութիւնն ու օրէնքը կանգնած են իրենց թիկունքին:
– Պարո´ն նախարար, ձեր կարծիքով հնարաւո՞ր է Սփիւռքի նախարարութեան ջանքերով կանխել արտագաղթը Հայաստանից:
– Այսօր մենք ունենք ժողովրդավարութեան ուղիով քայլող, մարդուն եւ օրէնքի գերակայութիւնը բարձրագոյն արժէք հռչակած պետութիւն, որի ղեկավարութիւնը փորձում է անել իր լաւագոյնը՝ իւրաքանչիւր բնակչի համար: Ես, լինելով թաւշեայ յեղափոխութեան մասնակիցներից մէկը, պայքարելով իմ երկրի բարեկեցիկ ներկայի ու ապագայի համար, ի վերջոյ լինելով Հայաստանի կառավարութեան կազմում, իմ ամենօրեայ աշխատանքով, նուիրումով ու պատասխանատուութեամբ փորձում եմ նպաստել Հայաստանի զարգացմանը, այն Հայաստանի կառուցմանը, որի բնակիչները աւելի լաւ ապագայի հաւատով այլեւս չեն լքի իրենց երկիրը: