«Երիտասարդական համայնքային օրեր II»ը՝ Նո՛ր թափով աշխատանքի հրաւէր

«Երիտասարդական համայնքային օրեր II»ը՝ Նո՛ր թափով աշխատանքի հրաւէր

2018թ. յուլիսի 21-28, Հայաստանի «Կարդինալ Աղաճանեան» կենտրոնում տեղի ունեցաւ «Երիտասարդական համայնքային օրեր II» միջոցառումը: Այս տարի մասնակիցների թիւը շատ աւելին էր, օրերի տեւողութիւնն աւելի երկար եւ օրակարգն՝ աւելի հարուստ. շուրջ 260 մասնակիցներով՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիբանանից, Սիրիայից, Միացեալ Նահանգներից եւ Կանադայից, Իտալիայում, Լեհաստանում եւ Կազախստանում սովորող հայ ճեմարանականներ:

Բացման արարողութեան մասնակցեցին եւ երիտասարդներին ողջոյնի խօսքերով դիմեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, Հայաստանում եւ Վրաստանում պապական առաքելական նուիրակ Արքեպիսկոպոս՝ Ժոզէ Աւելինօ Բեթենկուրը, Միացեալ Նահանգների և Կանադայի կաթողիկէ հայոց Առաջնորդ Արհի. Տ. Միքայէլ Եպս. Մուրատեանը, Արհի. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյեանը, Հռոմի Սուրբ Աթոռի Կեանքի և ընտանիքի վարչութեան երիտասարդական ծրագրերի ղեկավար Հայր Ժոաօ Շագասը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցօ դել Մոնակոն, Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմէդ Հաժ Իբրահիմը, «Արեւելքի քրիստոնեաներ ՍՕՍ» միաւորման ղեկավար Ալեքսանդր Գուդարզին, Շիրակի մարզպետարանի և Գիւմրիի քաղաքապետարանի աշխատակիցներ:

Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Յովսէփեանն իր ողջոյնի խօսքում նշեց.

«Սիրելի՛ երիտասարդներ, յիշեցէ՛ք, որ դուք ապագայ առաջնորդներ եք, դուք արդէն իսկ պէտք է ինքներդ ձեզ տեսնէք որպէս առաջնորդներ եւ աւելի ջանասիրութեամբ աշխատէք ձեզ շրջապատող աշխարհում աւելի մեծ ներդրում ունենալու համար… Խնդրում եմ, սիրէ՛ք Աստծուն ամէն ինչից և ձեր անձից առաւել, սիրէ՛ք նրանց, ում հետ կիսում եք ձեր ամէն օրուայ կեանքը, քանի որ սէրը ծառայութիւն եւ նուիրում է…»:

Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն իր հայրական օրհնութիւնը բերեց ներկաներին եւ ասաց. «Մաքուր սիրով հայրաբար կը մօտենանք ձեզի՝ այս համախմբման ընթացքին տալու փրկարար հոգեւոր սնունդը, որով ամրացած՝ պիտի կարողանաք դիմակայել այս կործանարար ոխերիմ թշնամուն… Կանչուած ենք լուրջ եւ ծանրակշիռ աշխատանքի, մանաւանդ, երբ այսօր յստակօրէն կը տեսնենք մարդկութեան կենցաղավարութիւնից եւ անհաստատ ընթացքից, թէ այս երեք բանալի բառերը՝ ինքնութիւն, պատկանելիութիւն եւ վկայութիւն, եթէ ոչ լրիւ կորսուած, ապա, վստահ, արժեզրկուած եւ ապականուած են իրենց նախընտիր եւ հարազատ իմաստից։ Այս մտահոգիչ սպառնալիքի պատճառով եւ ինչպէս նաեւ ձեզ՝ Մայր Հայրենիքի եւ Սփիւռքի Հայ Կաթողիկէ Երիտասարդներին միասին համախմբելու եւ իրարու ծանօթանալու նպատակով է, որ ստանձնեցինք այս պատասխանատու հաւաքը կազմակերպել, ինչպէս նաեւ փոխանցելու հարուստ փորձառութիւնը եւ միասին մշակելու բաղձալի ապագայի տեսլականները ու համարժէք եւ հաստատուն քայլերը»:

Պապական նուիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինօ Բեթանկուրը երիտասարդներին կոչ արեց ամուռ կառչած մնալ հոգեւոր եւ ազգային արմատներին.

«Մենք յուսով ենք, որ այս երիտասարդական հաւաքը, որտեղ հաւաքուել են հայ երիտասարդներ Հայաստանի շրջաններից եւ Եւրոպայի շատ երկրներից, կարող է օգնել և զօրացնել ձեզ նմանուելու այն ականաւոր հայերին, ում ես հանդիպել եմ…։ Մենք պէտք է ունենանք արմատներ, եթէ չունենանք արմատներ, կը նմանուենք մի անարմատ ծառի, որ ընկնում է առաջին իսկ քամուց: Սա այն ինքնութիւնն է, որ ձեր ծնողներն են տուել ձեզ, և որը դուք առաջ եք տանում այս աշխարհում»:

Համայնքային երիտասարդաց օրեր միջոցառման 2-րդ օրը երիտասարդները մինչեւ երեկոյ Գիւմրիում էին: Նախ մասնակցեցին հայրապետական Սուրբ Պատարագի՝ Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Մայր Եկեղեցում, որ մատուցուեց ձեռամբ Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի եւ ներկայութեամբ պապական նուիրակ Արքեպիսկոպոս Ժոզէ Բեթանկուրի, նաեւ երիտասարդաց օրերին մասնակից սրբազան հայրերի, վարդապետների, քահանաների և, իհարկէ, երիտասարդների և Գիւմրիի հաւատացեալների: Շարականները կատարում էր Տիրամայր Հայաստանի երգչախումբը՝ մաեստրօ Ռոբերտ Մլքէյեանի ղեկավարութեամբ: Իր խօսքում պապական նուիրակը ներկաներին փոխանցեց Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահա-նայապետի հայրական ողջոյնը և պատմեց, թէ Քահանայապետը մշտապէս ջերմութեամբ է յիշում 2016-ին Հայաստան կատարած իր այցելութիւնն անջնջելի տպաւորութիւններով: Նուիրակը խօսքի վերջում իր պաշտօնական հաւատարմագրերը յանձնեց Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին: Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ նաեւ Հռոմի Լեւոնեան հայ վարժարանի ուսանող Արամ Սաատոյին կիսասարկաւագութեան աստիճանի շնորհման եւ Լեհաստանում ու Կազախստանում սովորող եւս հինգ հայ ճեմարանականների սքեմառութեան արարողութիւնները:

Երիտասարդաց համայնքային օրեր II միջոցառման երրորդ օրուայ դասախօսութիւնների շարքը սկսուեց Հռոմի Սուրբ Աթոռի Ընտանիքի եւ աշխարհականների հարցերի վարչութեան երիտասարդութեան բաժնի ղեկավար Հ. Ժոաօ Շագասի ելոյթով՝ Ֆրանչիսկոս Պապի ուղերձի վերաբերեալ, որը գրուել է յատուկ 2018-ի երիտասարդութեան համաշխարհային օրերի համար եւ որի վերնագիրը վերցուած է Ղուկասի աւետարանի տողերից. «Մի վախեցի՛ր Մարիամ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար»: Հ. Շագասը բաւական խորութեամբ ներկայացրեց Քահանայապետի գրութիւնը, որտեղ վերլուծութիւն կայ նաեւ մերօրեայ երիտասարդների մտահոգութիւնների, վախերի մասին: Այս թեման ամենաշատը յուզեց մասնակիցներին եւ բազմաթիւ հարցեր տուեցին ու ստացան սպառիչ պատասխաններ: Հայր Շագասից յետոյ հայ քրիստոնեայի ինքնութեան թեմայով խօսեց Հ. Եղիա վրդ. Դերձակեանը: Երիտասարդների հարցերին պատասխանեց նաեւ Տ. Գրիգոր Ա. քհնյ. Մկրտչեանը՝ առաջարկելով ինքնութեան շուրջ մտորումները պսակել կեանքի գերնպատակի մասին պրպտումներով: Դասախօսութիւններից յետոյ երիտասարդները առանձին խմբերով քննարկեցին օրուայ ընթացքում արծարծուած թեմաները և ապա ներկայացրեցին իրենց քննարկումների արդիւնքները:

Չորրորդ օրուայ դասախօսութիւններից առաջինը պատկանելիութեան թեմայով էր՝ բանախօսությամբ Արհի. Տ. Միքայէլ Եպս. Մուրատեանի: Սրբազան Հայրը բացատրեց երիտասարդներին, թէ պատկանելիութիւնը պէտք է հասկանալ երկու իմաստներով՝ պատկանելիութիւն ազգին, որ սկսւում է ընտանիքից եւ պատկանելիութիւն՝ Աստծուն, որ քրիստոնեայի համար սկսւում է Քրիստոսի Եկեղեցուն անդամագրուելուց:

Միքայէլ Սրբազանից յետոյ Հայ կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ ծ. վրդ. Յովսէփեանը երիտասարդներին ներկայացրեց այս տարուայ հոկտեմբերին Հռոմում գումարուելիք եպիսկոպոսական սինոդի նախապատրաստական փաստաթուղթը՝ երիտասարդների եւ նրանց այսօրուայ խնդիրների, ձգտումների, փափաքների վերաբերեալ: Դա աշխատանքային շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որը թարգմանուել եւ բաժանուել է երիտասարդներին, որպէսզի խորհրդածեն այդտեղ արծարծուած կէտերի շուրջ եւ պատասխանեն մի քանի հարցերի: Այդ հարցերը օգնում են երիտասարդին աւելի լաւ հասկանալու իր ինքնութիւնը՝ այսօրուայ արագ փոփոխուող աշխարհում եւ անխախտ պահելու այն արժէքները, որոնց վրայ է հիմնուած իր «ես» եւ «մենք»ը: Հարցարանը լրացնելուց յետոյ եկաւ ժամը խաղերի, որոնք կազմակերպում էր Սիրիայի Գամշլիի ժողովրդապետ Տ. Յովսէփ քհն. Պետոյեանը: Երեկոյեան մշակութային միջոցառում էր, որտեղ իւրաքանչիւր համայնք ներկայացնում էր մի համերգային ներկայացում:

Հինգերորդ օրը երիտասարդները հոգեւորականների հետ միասին ուխտագնացութիւն կատարեցին Յաղպատի և Սանահինի վանքեր:

Վեցերորդ օրուայ բանախօսութիւնները սկսուեցին սրբութեան կոչի մասին խորհրդածութեամբ, որ առաջնորդուած էր Ֆրանչիսկոս Քահանայապետի 2018 թուականի առաքելական նամակով՝ վերնագրուած «Ցնծացէ՛ք եւ ուրախ եղէ՛ք»: Բանախօս Տ. Հովսէփ քհն. Գալստեանի հիմնական շեշտադրութիւնն այն էր, որ իւրաքանչիւր մարդ կոչուած է սրբութեան:

Յաջորդ բանախօսներն էին Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան աշխատակից Մարիաննա Ապրէսեանը եւ գլխաւոր քարտուղար Գերշն. Տ. Եզնիկ Արքեպս. Պետրոսեանը, ովքեր խօսեցին վկայութեան մասին: Եզնիկ Սրբազանը Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան կողմից մասնակիցներին նուիրեց նաեւ Սուրբ Գրքի նոր հրատարակութեան մի քանի օրինակներ: Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ Հ. Պետրոս ծ. վրդ. Եսայեանն ամբողջացրեց վկայութեան թեման՝ շեշտադրելով առաւելապէս կեանքով վկայելու առաջնային անհրաժեշտութիւնը:

Բանախօսութիւններից յետոյ Ռաֆայէլ Սրբազանը, ով այդ օրերին միշտ երիտասարդների հետ էր, առանձին հանդիպումներ ունեցաւ տարբեր երկրներից եկած խմբերի հետ և ուզեց իմանալ նրանց կարծիքները այս օրերի մասին:

Երիտասարդաց համայնքային միջոցառման 7-րդ օրն ամփոփիչ էր: Գերյ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Յովսէփեանը իր ամփոփիչ ելոյթում ուրախութեամբ նշեց, որ վստահ է, թէ մասնակից երիտասարդներն իրենց համայնքներում կը դառնան միջոցառման օրերին ընդունած գիտելիքների, արժէքների տարածողը: Հայր Գառնիկը շնորհակալութիւն յայտնեց Ռաֆայէլ Սրբազանին՝ այս միջոցառումը նախաձեռնելու եւ հովանաւորելու համար, ինչպէս նաեւ՝ բոլոր պատասխանատու, բանախօս հոգեւորականներին, կազմակերպչական խմբին, կամաւորականներին, հովանաւորներին եւ երիտասարդներին:

Օրուայ երկրորդ կէսին Գերյ. Հ. Պետրոս ծ. վրդ. Եսայեանը երիտասարդներին մեկնաբանութիւններ տուեց Խոստովանութեան խորհրդի շուրջ, ապա հոգեւորականներն ընդունեցին խոստովանութիւններ, մինչ միւսները միասնաբար Վարդարան էին աղօթում եւ երգում Աստուածամօր նուիրուած երգեր, շարականներ:

Երեկոյեան համերգային ծրագիրը սկսուեց Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի կարճ շնորհակալական խօսքով: Սրբազան Հայրը յուշանուէրներ յանձնեց բոլոր հոգեւորականներին, կամաւորականներին, կազմակերպիչներին՝ նրանց ներկայացնելով անուն առ անուն եւ մի փոքր պատմելով նրանց մասին:

Միջոցառումն աւարտուեց գիւմրեցի երգիչներ Մուրադ Մալխասեանի, Կարէն Մայիլեանի և երգչուհի Նուարդ Յարութիւնեանի համերգային ելոյթով եւ աւանդական խարոյկի շուրջ պարերով:

«Երիտասարդական համայնքային օրեր II» միջոցառումը հովանաւորեցին Հայ կաթողիկէ առաջնորդարանը, L’Oeuvre d’Orient, SOS Chretiens d’Orient, Renovabis, Kirche in Not բարեսիրական կազմակերպութիւնները, Միացեալ Նահանգների եպիսկոպոսների խորհրդաժողովը:

 

Տ. ՅՈՎՍԷՓ ՔՀՆ. ԳԱԼՍՏԵԱՆ