ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅ ՊԷՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆՕՐԷՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՈՒՆԵՆԱՅ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԳՈՐԾԻՆ

ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅ ՊԷՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆՕՐԷՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՈՒՆԵՆԱՅ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԳՈՐԾԻՆ

Վերջերս Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ հոգեւորականներ այցելեցին Արցախ եւ Եկեղեցւոյ կողմէ նիւթական աջակցութիւն ցուցաբերեցին ԼՂՀ Պաշտպանութեան բանակին: Այս եւ Արցախեան պատերազմի հետ կապուած որոշ պարզաբանումներ ներկայացուց Գիւմրիի հայ կաթողիկէներու ժողովրդապետ Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Մկրտչեան:

Բնականաբար, Հայ Կաթողիկէ Եկեղեցին անմասն չպէտք է մնար այն ահասարսուռ իրավիճակի նկատմամբ, որ տիրում է Արցախի ռազմաճակատում եւ մենք, ինչպէս իւրաքանչիւր հայ, պէտք է անպայմանօրէն մեր ներդրումն ունենանք մեր հայրենիքի պաշտպանութեան սրբազան գործում: Եկեղեցին անմասն չէ այս գոյամարտից: Մեր զաւակներից շատերն արդէն իրենց կեանքն են զոհել կամ վիրաւորուել են այս հայրենական գոյամարտում, ինչի համար մեր սրտերը համակուած են հպարտութեան խոր զգացումով:

Պատերազմի առաջին իսկ օրերից մեր հաւատացեալները ոչ միայն չվարանեցին հետեւել ընդհանուր զօրահաւաքի կոչին, այլեւ շատերը կամաւորագրուեցին հայրենիքի պաշտպանութեան աստուածադիր առաքելութեանը: Մեր զաւակներն արձագանգեցին նաեւ նիւթական հանգանակութիւնների կոչին եւ մինչեւ այս պահը շուրջ 2 միլիոն դրամի արժողութեամբ առաջին անհրաժեշտութեան պարագաներ նուիրեցինք ԼՂՀ բանակի զօրամասերից մէկին: Այն ինչ մենք արել ենք, շատ չնչին մի նուիրաբերութիւն է՝ մեր բանակի եւ հայրենիքի համար: Այսօր էլ շարունակում ենք հանգանակել եւ օգտակար լինել մեր հայոց անսասան բանակին: Պէտք է ասեմ նաեւ, որ Հայկական Կարիտաս բարեգործական հասարակական կազմակերպութիւնը, որը Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ սոցիալական ձեռքն է, ի դէմս գործադիր տնօրէն Գագիկ Տարասեանի, անխոնջ, քրտնաջան աշխատանքով եւ անմնացորդ նուիրումով ջանում է սատարել Արցախից Հայաստան տեղափոխուած մեր հայրենակիցներին՝ նրանց համար բարեկեցիկ կեանք ապահովելուն ուղղուած ծրագրերով: Թէ ինչպիսի մարդասիրական մեծ ծառայութիւն է մատուցւում թէ՛ մեր Եկեղեցու թէ՛ Հայկական Կարիտասի կողմից, շատ չեմ ուզում բարձրաձայնել, որովհետեւ, ըստ Քրիստոսի պատուիրանի, «Երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Մտթ. 6, 1-3)»:

Այսօր, առաւել քան երբեւէ, մեծ մարտահրաւէր է նետուած բոլորիս: Իւրաքանչիւր ընտանիքից հայրենեաց հողը պաշտպանող զաւակներ ունենք: Միայն ու միայն մի խնդրանք ունենք, որ աղօթէ՛ք մեր զաւակների համար, որոնք անձնուրաց կերպով պահում են մեր հայրենի հողը՝ իրենց զինակից եղբայրների հետ միասին: Մենք սգում եւ աղօթում ենք իւրաքանչիւր օճախում զոհուած մեր հայ զաւակների համար: Նրանց երիտասարդ կեանքի քաջութեան շնորհիւ լուսաւորուելու է մեր յաջորդ սերնդի կեանքը: Վստահ եմ, որ յաղթելու ենք եւ ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում եւ Արցախում: