Հայոց ցեղասպանութիւնից աւելի քան մէկ դար անց, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած այդ յանցագործութիւնը մարդատեացութեան, խտրականութեան, անհանդուրժողականութեան համար ճանապարհ է բացել։ Այս մասին նշուած է ֆրանսական «Le Monde» հեղինակաւոր պարբերականում հրապարակուած՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի՝ «Անցեալի փորձութիւնների վերաբերեալ յիշողութիւնը հիմնարար նշանակութիւն ունի» խորագրով յօդուածում։ «Արմենփրես»ն այն ներկայացնում է ստորեւ:
Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադէպ ու աներեւակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պէտք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկայ փորձութիւններին դիմագրաւելու համար շատ կարեւոր է անցեալի դժուարութիւնները յիշել: Մի աղէտը դուրս չի մղում միւսին. հայ ժողովուրդը լաւագոյնս գիտի դա:
Երիտթրքական կառավարութիւնը, օգտուելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժութիւններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին ի սպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադէպ ծաւալի եւ աներեւակայելի դաժանութեան տեղահանութիւններ, բռնութիւններ եւ սպանութիւններ:
Ցեղասպանութեան երկու տեսակի շարժառիթները
Աւելի քան մէկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած այդ յանցագործութիւնից, սակայն այդ ոճիրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղութեանն ու անվտանգութեանը:
Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախութիւնը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրութեան մարմնից կը պոկէր ստրատեգիական գերկարեւորութիւն ներկայացնող հատուածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դէպի Կովկաս եւ միջինասիական երկրներ:
Միւսը գաղափարախօսական շարժառիթն էր: Թրքական նորածիլ ազգայնամոլութիւնը ցանկանում էր բազմազգ եւ բազմամշակոյթ վիթխարի կայսրութիւնը վերածել միադաւան եւ մոնոլիտ թրքական պետութեան՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դէպի Կովկաս եւ Միջին Ասիա:
Այդ ճանապարհի գլխաւոր խոչընդոտները դարձեալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջեւ, ինչպէս նաեւ Փոքր Ասիան բնակեցնող յոյներն ու այլ քրիստոնեաներ:
Ուստի կայսրութեան գերակտիւ երկու տարրերի՝ յոյների եւ հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չունէր: Այս շարժառիթներից ոչ մէկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտայայտւում են սիրիական հարցի կամ փախստականների, քրտերի եւ Եւրոպայում տեղի ունեցող ակրեսիւ երեւոյթների տեսքով:
Այս շարժառիթներն այսօր էլ առկայ են. նախ Արցախում, որպէս Թուրքիայի ինթերվենցիոն քաղաքականութեան դրսեւորում, այնուհետեւ՝ Անգարայի կողմից Հայաստանին պարտադրուած շրջափակում:
Ուրուկուայ՝ 1965-ից
Հայոց ցեղասպանութեան ճանաչումը նոյնքան կարեւոր է ողջ մարդկութեան, որքան եւ հայութեան համար: Կէս դար լռութիւնից յետոյ 1960-70-ական թուականներին աշխարհն սկսեց կրկին խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին. 1965թ. Ուրուկուայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիւ պետութիւններ ու միջազգային կազմակերպութիւններ ճանաչում են Հայոց ցեղասպանութիւնը, եւ նրանց թիւը գնալով աւելանում է:
Հայոց ցեղասպանութիւնից, Հոլոքոսթից, Կամպոտիայի եւ Ռուանտայի ցեղասպանութիւններից քաղուած դասերը պէտք է խնամքով պահուեն ու փոխանցուեն ապագայ սերունդներին։
Ի պատիւ Ֆրանսայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետութեան նախագահ Մաքրոնը Ապրիլի 24-ը յայտարարեց Ֆրանսայում Հայոց ցեղասպանութեան յիշատակի պաշտօնական օր: Իսկ ամերիկեան Գոնկրեսը 2019թ. պատմական երկու քուէարկութեամբ գերակշիռ մեծամասնութեամբ ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Միջազգային հանրութիւնը եւս ցեղասպանութեան իրողութեան հետ կապուած որեւէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մէջ: Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգութեան երաշխիք են Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցի դիտարկումն Անգարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպէական շահերի տեսանկիւնից:
Թուրքիան պարտաւոր է կատարել յիշողութեան այս գործը եւ վերացնել ցեղասպանութեան հետեւանքները: Եթէ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, կ’առերեսուի սեփական պատմութեան ամենաողբերգական էջերի հետ եւ վերջնականօրէն կը շրջի դրանք:
Իրաւունք եւ ազատութիւն
Այսօր 1915 թուականի իրադարձութիւնների վերյիշումն ուղղուած է ապագային: Մենք պարտաւոր ենք յիշել այդ ոճրագործութիւնները՝ նոր յանցագործութիւններ կանխարգիլելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատեացութեան, խտրականութեան, անհանդուրժողականութեան համար:
Ցաւալի է, որ մարդկութիւնը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանութիւնից, այն մոռացուեց, երկար ժամանակ մնաց չճանաչուած ու չդատապարտուած, ինչը կարող էր կանխել մարդկութեան պատմութեան ընթացքում յետագայ նման ոճրագործութիւնները: Հայոց ցեղասպանութիւնից, Հոլոքոսթից, Կամպոտիայի եւ Ռուանտայի ցեղասպանութիւններից քաղուած դասերը պէտք է խնամքով պահուեն ու փոխանցուեն ապագայ սերունդներին:
Ցեղասպանութիւնների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտաւորութիւնն են մեր անցեալի առաջ եւ յանուն մարդկութեան ապագայի:
Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է աւելի խորաթափանց նայել առկայ միջազգային հաւասարակշռութիւններին: Ուժերի հաւասարակշռութիւնը մեծապէս փոխուել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրւում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժէքներն այս ընտրութեան մէջ պէտք է իրենց տեղն ունենան:
1915թ. հայերի ձգտումները յանուն ազատութեան եւ իրաւունքի պատճառ դարձան բռնութիւնների եւ ոճիրների: Այսօր եւ, մասնաւորապէս 2018թ. յեղափոխութիւնից յետոյ, Հայաստանը մարմնաւորում է այս արժէքները: Հենց դրա համար Հայաստանին պէտք է ցուցաբերել քաղաքական, դիւանագիտական եւ տնտեսական աջակցութիւն: Ուժեղ Հայաստանը յաղթաթուղթ է տարածաշրջանի կայունութեան համար, Եւրոպայի եւ Ֆրանսայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջեւ, այնքանով, որ երաշխաւորուի նրա խաղաղութիւնն ու անվտանգութիւնը:
ԱՐՄԵՆՓՐԵՍ
26 Ապրիլ, 2020