ԿՈՄԻՏԱՍ 150

ԿՈՄԻՏԱՍ 150

Մ.Գ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

………………………………….

Հայաստան եւ համայն Հայութիւնը այս տարի մեծ շուքով կը նշէ անզուգական ԿՈՄԻՏԱՍի՝ Հայկական դասական, ժողովրդական, աւանդական երաժշտութեան, խմբերգային երգարուեստի մեծ ուսուցչապետի հարիւր յիսուն ամեայ խնկելի յիշատակը։ Կոմիտասի երաժշտագիտութիւնը գնահատած են իր օտարազգի մեծանուն ժամանակակիցները իբրեւ ուսանելի արժէք։ Կոմիտաս եւ կոմիտասեան երաժշտութիւնը արդարօրէն նկատուած է համամարդկային արժէք։

Ստորեւ՝ հայրենի երաժշտագէտ, մանկավարժ, մշակոյթի վաստակաւոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցի երաժշտութեան պատմութեան ամպիոնի երբեմնի վարիչ Մարգարիտ Գաբրիէլի Յարութիւնեանի Կոմիտասի 100-ամեակին առթիւ հրատարակած «Կոմիտաս» գրքոյկէն մէջբերում մը՝ ուր հեղինակը արժեւորումը կը կատարէ Կոմիտասեան երաժշտական ստեղծագործական տաղանդին։

Կոմիտասի արուեստը բարձր գնահատուեց իր ժամանակակիցների կողմից։ Նրա ստեղծագործութիւնները հիացմունք են պատճառել ե՛ւ իր հայրենակիցներին, ե՛ւ օտարազգի ականաւոր երաժիշտներուն (Գ. Տեպիւսի, Գ. Սեն Սանս), Կոմիտասին շատ բարձր են գնահատել նաեւ ռուս (Մ. Կնեսին), գերմանացի (Օ. Ֆլայշըր, Ա. Մելիշար), ֆրանսացի (Փ. Օպրի, Լ. Լալուա), աւստրիացի (Վ. Էթոն) երաժիշտները։

Կոմիտասի ստեղծագործական գործունէութիւնը նախապատրաստեց այն հզօր թռիչքը, որն ապրեց հայ երաժշտութիւնը յետ-կոմիտասեան շրջանում։ Սովետահայ երաժիշտների ստեղծագործական որոնումները մեծապէս ելնում են Կոմիտասի ստեղծագործական նորարարական սխրանքից։

Կոմիտասի ստեղծագործութիւնները գրաւել են բազմաթիւ կատարողների ուշադրութիւնը։ Նրա երգերի միջոցով կատարողները հաղորդակից են դարձել ազգային երաժշտութեան ակունքներին, նրա գեղարուեստական կատարեալ նմոյշներին, որոնք օգնել են ազգային վոքալ կատարողականութեան ձեւաւորման, ճաշակի նրբացմանը։

Կոմիտասի ստեղծագործական անձը, կեանքը, գեղարուեստական ժառանգութիւնը ուսումնասիրուել են հայ երաժիշտների կողմից, ստեղծուել են արժէքաւոր մենագրութիւններ։ Սկսուել է Կոմիտասի երկերի ժողովածուների տաս հատորեակի հրատարակութիւնը։ Կոմիտասի անունն է կրում Երեւանի Պետական կոնսերվատորիան, որն հանդիսանալով առաջին ազգային երաժշտանոցը, կոմպոզիտորի երազանքների իրականացումն է։ Կոմիտասի անունն է կրում լարային քուարթեթը (քառեակ), որը սովետական լաւագոյն կամերային անսամպլներից մէկն է եւ լայն ճանաչում է գտել աշխարհի տարբեր երկրներում, իր հետ ամէնուր տանելով եւ հնչեցնելով Կոմիտասի անմահ մեղեդիները։

Կոմիտասի կեանքի ուղին, նրա անձը եւ գործը ոգեշնչել ու ոգեշնչում են շատ գրողների եւ բանաստեղծների։ Նրան են նուիրուած վէպեր ու պատմուածքներ եւ ամենից շատ՝ բանաստեղծութիւններ, որոնց հեղինակներն են Վահրամ Ալազանը եւ Գեղամ Սարեանը, Նայիրի Զարեանը եւ Սիլվա Կապուտիկեանը, Գէորգ Էմինը եւ Յովհաննէս Շիրազը, ֆրանսահայ բանաստեղծուհի Մարի Աթմաճեանը։ Նրան է նուիրել իր քնարական պոեմը՝ Մուշեղ Նարեանը։ Մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցի գրչին է պատկանում «Requiem Կոմիտասի յիշատակին» պոեմը։ Նրան է նուիրել իր ոգեշունչ «Անլռելի Զանգակատունը» Պարոյր Սեւակը, որի գործն իր խորութեամբ եւ բազմակողմանիութեամբ, պոետական ներշնչանքի ուժով ու պատկերաւորութեամբ մեր ազգային պոեզիայի գոհարներից մէկն է։

Կոմիտասը, որի ծննդեան հարիւրամեակն է նշում երախտապարտ հայ ժողովուրդը, կայ եւ կը մնայ մեր ազգային հպարտութիւնը։

«Կոմիտաս» Երեւան 1969

 

●◊●◊●◊●◊●◊

 

Մեծերը՝ Կոմիտասի մասին

ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

«Հայ ժողովուրդը կոմիտասեան երգին մէջ գտաւ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնութիւնը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպէս այսօր, այնպէս էլ յաւիտեան»։

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐԵԱՆ

«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկութիւնը անդիմադրելիօրէն կլանում է ինձ։ Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաւած ճամբորդի պէս աղբիւր եմ տեսնում՝ նման այն հազարաւոր աղբիւրների, որ սփռուած են իմ հին, սքանչելի երկրի վրայ: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ յագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտութիւն, մաքրութիւն, անմեղութիւն ու պոեզիա կայ նրա մէջ: Կոմիտասը մեծ ժողովրդի մեծագոյն կոմպոզիտորն է, մեր երաժշտութեան հոգևոր հայրը: Եւ ամէն մի հայ երաժիշտ պէտք է խորն ուսումնասիրի Կոմիտասի երգը, որպէսզի չկտրուի մեր ժողովրդի երաժշտութեան ակունքներից»։

 

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

«Կոմիտասն ինքը հայ ժողովուրդն է: Մեղուի պէս նա տուն էր բերում մեր գեղջուկ երգերի նեկտարն ու անշօշափելի մանանան: Կարո՞ղ է մեղուն թղթէ ծաղիկներից մեղր բերել, ի հարկէ, ոչ: Հայ ժողովրդի բազմադարեան երգերը թղթէ վարդեր չէին, այլ իրական, և Կոմիտասը իր հանճարով ոսկէ մեղուի նման հանդիպեց նրանց: Իր հանճարեղ ոգու հնոցում ձուլեց հայ մեղեդու նախանիւթը, հանքանիւթը և դուրս բերեց այնպիսի քնքշութիւններ, երաժշտական ձևերի և խօսքի այնպիսի յոյզ ու թարմութիւն, որոնք յուզեցին ոչ միայն իրեն` հայ ժողովրդին, այլև համաշխարհային երաժշտական աշխարհում աղօթքի արժանացաւ Կոմիտասի անունով՝ հայ ժողովրդի անունը»։

 

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

«Մեր երաժշտական լեզուի համար Կոմիտասն արեց նոյնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խօսակցական լեզուի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպէս որ երաժշտութիւնն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպէս Մաշտոցը գտաւ մեր լեզուի բաղադրիչները, նրա հնչիւնակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշդ այսպէս էլ Կոմիտասը գտաւ մեր երաժշտութեան հնչիւնակազմը մէկ այլ իւրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գիւտ էր, իսկ գիւտը փոքր չի լինում»: