ՖՐԱՆՉԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՈՒԱՆ

ՖՐԱՆՉԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՈՒԱՆ

«Ճշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ (Յովհ. 8:32)»։
Սուտ լուրեր եւ խաղաղության լրագրութիւն

 

Սիրելի եղբայրներ եւ քոյրեր,

Աստծոյ նպատակն է հաղորդակցութիւնը դարձնել միաբան ապրելու հիմնական միջոց: Ստեղծուած լինելով Արարչի կերպարանքով եւ նմանութեամբ՝ մարդ արարածն ունակ է հաղորդելու եւ կիսելու այն ամենը, ինչը ճշմարիտն է, բարին ու գեղեցիկը: Նա ունակ է նկարագրել իր իսկ փորձառութիւնը եւ շրջապատող աշխարհը, այսպիսով՝ կերտելով պատմական յիշողութիւն եւ դէպքերի ընկալում: Սակայն, երբ տեղի է տալիս անձնական հպարտութեանը եւ եսասիրութեանը՝ կարող է աղաւաղել հաղորդակցուելու ունակութիւնը, ինչն էլ դեռեւս մարդկութեան սկզբնաւորման ժամանակներում նկարագրւում է Կայենի և Աբելի կամ Բաբելոնի աշտարակի աստուածաշնչեան պատմութիւններում (հմմտ. Ծննդոց 4:4-16; 11:1-9): Ճշմարտութիւնը խեղաթիւրելը յատկանշական է ինչպէս անհատներին, այնպէս էլ հանրութեանը: Միւս կողմից, երբ հաւատարիմ ես մնում Աստծոյ նպատակին՝ հաղորդակցութիւնը վերածւում է ճշմարտութեան գիտակցուած որոնման եւ բարութեան փնտռտուքի արդիւնաւէտ արտայայտչամիջոցի:

Այսօրուայ արագ փոփոխուող հաղորդակցութեան աշխարհում եւ թուային համակարգերում՝ մենք ականատեսն ենք լինում այսպէս կոչուած «սուտ լուրեր»ի տարածմանը: Սա մտածելու տեղիք է տալիս, այդ իսկ պատճառով ինձ մօտ միտք առաջացաւ Համաշխարհային հաղորդակցութեան օրուայ այս ուղերձը նուիրել ճշմարտութեանը, ինչպէս որ բազմիցս վարուել են իմ նախորդները՝ սկսած Պօղոս VI Պապից, ով որպէս 1972 թուականի իր Ուղերձի թեմա էր ընտրել «Ծառայութիւն Ճշմարտութեանը» խորագիրը: Այսպիսով, կը ցանկանայի նպաստել պարտաւորութիւնները կիսելուն՝ կանխարգիլել կեղծ լուրերի տարածումը եւ վերագտնել լրագրութեան արժէքն ու ճշմարտութիւնը հաղորդելու լրագրողների անձնական պատասխանատուութիւնը:

1. Ի՞նչն է «սուտ» սուտ լուրերի մէջ

«Սուտ լուրեր» եզրոյթը խիստ քննարկումների եւ բանավէճերի առարկայ է եղել: Ընդհանրապէս, դա վերաբերում է առցանց կամ աւանդական լրատուամիջոցներով ապատեղեկատուութեան տարածմանը: Խօսքը վերաբերում է կեղծ տեղեկատուութեանը՝ հիմնուած գոյութիւն չունեցող կամ խեղաթիւրուած տուեալների վրայ, որոնք ընթերցողին մոլորութեան մէջ գցելու և վարպետօրէն կեղծելու նպատակ են հետապնդում: Սուտ լուրերի տարածումը կարող է ծառայել յատուկ նպատակների առաջընթացին, ազդեցութիւն ունենալ քաղաքական որոշումների վրայ եւ սպասարկել տնտեսական շահեր:

Սուտ լուրերի արդիւնաւէտութիւնը հիմնականում կախուած է իրական լուրերի ընդօրինակման կարողութիւնից եւ ճշմարտանման թուալուց: Եւ երկրորդ, այս սուտ, սակայն ճշմարտանման լուրը «խաբուսիկ» է, քանի որ դա գրաւում է մարդկանց ուշադրութիւնը՝ հիմնուելով կարծրատիպերի եւ ընդհանուր սոցիալական նախապաշարմունքների վրայ եւ գործի դնելով րոպէական այնպիսի յոյզեր, ինչպիսիք են՝ անհանգստութիւնը, արհամարհանքը, զայրոյթն ու հիասթափութիւնը: Նմանատիպ սուտ նորութիւններ տարածելու ունակութիւնը յաճախ հիմնւում է սոցիալական ցանցերի հմուտ գործածութեան և դրանց աշխատաոճի վրայ: Ստայօդ պատմութիւնները կարող են այնքան արագ տարածուել, որ նոյնիսկ հեղինակաւոր աղբիւրների հերքումները ի զօրու չեն զսպել պատճառուած վնասը:

Սուտ լուրերը մերկացնելու եւ վերացնելու դժուարութիւնը նաեւ պայմանաւորուած է նրանով, որ շատերը փոխգործակցում են միատարր թուային շրջապատում՝ չենթարկուելով տարբեր հեռանկարների և կարծիքների: Այսպիսով, ապատեղեկատուութիւնը բարգաւաճում է այլ տեղեկատուական աղբիւրների հետ առողջ առերեսման բացակայութեան պայմաններում, ինչը կարող էր արդիւնաւէտ կերպով վիճարկել նախապաշարմունքները և կառուցողական երկխօսութիւն ստեղծել, եթէ ոչ՝ մարդկանց ակամայ յանցակիցների վերածելու վտանգի է ենթարկում, կողմնակալ եւ անհիմն գաղափարներ տարածելով: Ապատեղեկատուութեան ողբերգութիւնը կայանում է նրանում, որ այն հեղինակազրկում է ցանկացած այլ տեղեկատուութիւն՝ ներկայացնելով թշնամական լոյսի ներքոյ, մինչեւ իսկ՝ սատանայականութեան վերագրելով և բախումներ հրահրելով: Սուտ լուրերը անհանդուրժող եւ գերզգայուն վերաբերմունքի նշան են եւ յանգեցնում են միայն գոռոզութեան ու ատելութեան տարածմանը: Ի վերջոյ, այս ամենի վերջնական արդիւնքը սուտն է:

2. Ինչպէ՞ս տարբերակենք սուտ լուրերը

Մեզանից եւ ոչ ոք չպէտք է իրեն ազատուած համարի այս կեղծիքներին հակազդելու պարտականութիւնից: Սա ամենեւին էլ հեշտ առաջադրանք չէ, քանի որ ապատեղեկատուութիւնը յաճախ հիմնուած է մտածուած կերպով խուսափողական եւ նրբօրէն մոլորեցնող ճարտասանութեան վրայ, երբեմն էլ՝ գործի են դրւում բարդ հոգեբանական մեխանիզմները: Գովասանքի արժանի ջանքեր են գործի դրւում կրթական ծրագրեր ստեղծելու համար, որոնց նպատակն է մարդկանց օգնել մեկնաբանելու եւ գնահատելու լրատուամիջոցների կողմից ներկայացուող տեղեկատուութիւնը եւ սովորեցնել նրանց ակտիւ մասնակցութիւն ունենալ կեղծիքների մերկացման գործում, այլ ոչ թէ ակամայ նպաստել ապատեղեկատուութեան տարածմանը: Գովելի են նաեւ այն համակարգային եւ իրաւական նախաձեռնութիւնները, որոնք ուղղուած են նորմատիւ ակտերի սահմանմանը՝ կասեցնելու երեւոյթը, ինչպէս նաեւ տեխնոլոգիական և լրատուական ընկերութիւնների կողմից իրականացուող աշխատանքը, որպէսզի նոր չափանիշներ սահմանուեն ստուգելու ինքնութիւնը անձանց որոնք թաքնուած են թուային միլիոնաւոր պրոֆիլների ետեւում:

Այնուամենայնիւ, ապատեղեկատուութեան գործող միջոցների կանխարգելումից եւ նոյնականացումից զատ պահանջւում է նաեւ խորը եւ մանրակրկիտ տարբերակման գործընթաց: Անհրաժեշտ է դիմակազերծել այն, ինչը կոչւում է «օձի մարտավարութիւն», որը գործածւում է նրանց կողմից, ովքեր ծպտւում են, որպէսզի կարողանան խայթել ցանկացած պահի եւ ցանկացած վայրում: Սա հենց այն մարտավարութիւնն էր, որը գործի էր դրել «խորամանկ օձը»՝ Ծննդոց Գրքում, որը մարդկութեան արշալոյսին ծնունդ տուեց առաջին սուտ լուրերին (հմմտ. Ծննդոց 3:1-15), ինչից էլ սկիզբ առաւ մարդկային առաջին մեղքի ողբերգական պատմութիւնը՝ առաջին եղբայրասպանութիւնը (Ծննդոց 4) եւ այլ անհամար չարիքները՝ գործուած ընդդէմ Աստծոյ, մերձաւորի, հասարակութեան եւ արարման: Այս հմուտ «ստի հօր» (Յովհ. 8:44) մարտավարութիւնը ճշգրիտ նմանակումն է այն նենգ և վտանգաւոր գայթակղութեան ձեւին, որը կեղծ եւ գայթակղիչ փաստարկներով դէպի սիրտ իր ճանապարհն է հարթում ու ներս սողոսկում: Առաջին մեղքի պատմութեան մէջ Սատանան (Օձը) մօտենում է կնոջը՝ ձեւացնելով, թէ նրա բարեկամն է, մտահոգ է նրա բարօրութեամբ եւ սկսում է խօսքը միայն կիսով չափ ճշմարտութիւնն ասելով. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել» (Ծննդոց 3:1): Իրականում, Աստուած Ադամին երբեւէ չի արգելել ուտել դրախտի բոլոր ծառերի պտուղներից, այլ միայն մէկի. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք» (Ծննդոց 2:17): Կինն ուղղում է օձի սխալը, այնուամենայնիւ ճշմարտացի չէ: Յայտարարութիւնների ճշմարտացիութիւնը կարող ենք ճանաչել դրանց տուած պտուղներից. արդեո՞ք դրանք վիճաբանութիւններ են առաջացնում, տարաձայնութիւններ հրահրում, խրախուսում զիջողականութիւն, թէ՞ բարձրացնում են բանական և հասուն դատողութիւնը, որն ուղղորդում է դէպի կառուցողական երկխօսութիւն և բեղուն արդիւնքներ:

Pope Francis gestures during his general audience in St. Peter's Square at the Vatican April 4. (CNS photo/Paul Haring) See POPE-AUDIENCE-WITNESS April 4, 2018.

4. Խաղաղութիւնը ճշմարիտ լուր է

Ստերի դէմ լաւագոյն հակաթոյնը ոչ թէ ռազմավարութիւններն են, այլ մարդիկ: Մարդիկ, ովքեր ազատ են ընչաքաղցութեան կապանքներից և պատրաստ են լսելու, մարդիկ, ովքեր ջանք են գործադրում անկեղծ երկխոօութեան միջոցով երեւան բերել ճշմարտութիւնը, մարդիկ, ովքեր բարութեամբ տոգորուած՝ ստանձնում են պատասխանատուութիւն լեզուի գործածութեան համար: Եթէ պատասխանատուութիւնը պատասխան է սուտ լուրերի տարածմանը, ապա ծանր պատասխանատուութիւն է ընկնում նրանց ուսերին՝ ում աշխատանքը տեղեկատուութիւն տրամադրելն է, այսինքն՝ լրագրողների՝ լուրերի պահապանների: Վերջիններս, արդի աշխարհում, պարզապէս աշխատանք չէ, որ իրականացնում են, այլ՝ առաքելութիւն: Մոլեգնութեան սնման և սենսացիոն նորութիւնների խելահեղ յորձանուտի միջեւ, նրանք պէտք է յիշեն, որ տեղեկատուութեան սիրտը ոչ թէ արագութիւնն է, որով այն հաղոր-դուում է կամ ազդում լսարանի վրայ այլ՝ մարդիկ: Տեղեկատուութիւն տրամադրել նշանակում է կրթել, ասել կուզի՝ գործ ունենալ մարդկային կեանքերի հետ: Ահա թէ ինչու, աղբիւրների ճշգրտութեան երաշխաւորումը եւ հաղորդակցութեան պաշտպանութիւնը իրական միջոցներն են բարութեան զարգացման, վստահութեան առաջացման եւ միաբանութեան ու խաղաղութեան ճանապարհ հարթելու համար: 

Ուստի, կը ցանկանայի բոլորին կոչ անել զբաղուել խաղաղութեան լրագրութեամբ: Խաղաղութեան լրագրութիւն ասելով ի նկատի չունեմ «քաղցր» լրագրութիւնը, որը հրաժարւում է ընդունել լուրջ խնդիրների գոյութիւնը կամ մեղմ տոնայնութիւն է ստանում: Հակառակը՝ ի նկատի ունեմ ճշմարիտ և ստերին հակադրուող լրագրութիւնը, հռետորական կարգախօսներն ու սենսացիոն գլխագրերը: Լրագրութիւն, որը ստեղծուած է մարդկանց կողմից մարդկանց համար՝ ծառայելով բոլորին, յատկապէս նրանց, ովքեր ձայնի իրաւունք չունեն, եւ այդպիսիք մերօրեայ աշխարհում մեծամասնութիւն են կազմում: Լրագրութիւն, որն աւելի քիչ կենտրոնացած է ցնցող լուրերի վրայ եւ աւելի շատ ներգրաւուած է կոնֆլիկտների հիմնական պատճառների ուսումնասիրութեան մէջ՝ բարձրացնելով խորը ըմբռնումը եւ նպաստելով դրանց լուծմանը՝ գործի դնելով ուղղախոհ (առաքինի) գործընթացները: Լրագրութիւն, որը պարտաւորուում է այլընտրանքային լուծումներ մատնացոյց անել համապատասխան աղմուկի եւ խօսքային բռնութեան սրման վերաբերեալ:

Այդ իսկ պատճառով, ոգեշնչուելով Ֆրանցիսկեան աղօթքից, պէտք է անդրադառնանք ներկայիս Ճշմարտութեանը.

Տէ՛ր, դարձրու մեզ խաղաղութեան գործիք:

Օգնի՛ր ճանաչել հաղորդակցութեան մէջ թաքնուած չարիքը, որը միաբանութիւն չի ստեղծում:

Օգնի՛ր մաքրել մաղձը մեր դատողութիւններից:

Օգնի՛ր ուրիշների մասին խօսել այնպէս, ինչպէս կխօսենք մեր եղբայրների և քոյրերի մասին:

Դու հաւատարիմ ես ու վստահութեան արժանի: Թո՛ղ որ մեր խօսքերը բարութեան սերմեր լինեն աշխարհի համար:

Այնտեղ՝ ուր կայ բողոք, թո՛յլ տուր ականջալուր լինել,

Այնտեղ՝ ուր կայ խառնակութիւն, թո՛յլ տուր համերաշխութիւն ներշնչել,

Այնտեղ՝ ուր կայ անորոշութիւն, թո՛յլ տուր լոյս սփռել,

Այնտեղ՝ ուր կայ արտաքսում, թո՛յլ տուր համախմբուածութիւն բերել,

Այնտեղ՝ ուր կայ սենսացիա, թո՛յլ տուր ողջամտութիւն դրսեւորել,

Այնտեղ՝ ուր կայ մակերեսայնութիւն, թո՛յլ տուր իրական խնդիրները վեր հանել

Այնտեղ՝ ուր կայ նախապաշարմունք, թո՛յլ տուր վստահութիւն արթնացնել,

Այնտեղ՝ ուր կայ թշնամանք, թո՛յլ տուր յարգանք բերել,

Այնտեղ՝ ուր կայ սուտ, թո՛յլ տուր ճշմարտութիւն տարածել: Ամէն։

 

Հայացուց՝
Հ. ԳԱՌՆԻԿ Ծ. ՎՐԴ. ՅՈՎՍԷՓԵԱՆ