Բակային Ճամբար

Բակային Ճամբար

Արդեն երրորդ տարին է Փանիկի ժողովրդապետ Հայր Անտոն Թոթոնջեանը գիւղում կազմակերպում է բակային ճամբար, որին մասնակցում են առաքելական եւ կաթողիկէ տարբեր համայնքներից: Այս տարի բակային ճամբարին մասնակցեց 564 երեխայ ութ համայնքից: Ջոկատավարները տարբեր համայնքներից էին: Անոնք մէկ ամիս շարունակ մասնակցեցին նախապատրաստական դասընթացների, որպէսզի կարողանային աշխատել երեխաների հետ եւ նրանց ամենատարբեր գիտելիքներ ու հմտութիւններ փոխանցել:

Բակային ճամբարը միտուած էր երեխաներին աւելի մօտեցնել եկեղեցուն, նրանց տալ կրօնաբարոյական եւ հոգեւոր դաստիարակութիւն փոխանցել ազգային արժէքներ, ձեւաւորել յարգանք եւ ընկերասիրութիւն, համայնքների միջեւ սերտ կապ ապահովել:

013

Ամէն օր ջոկատներից մէկը հերթապահում էր, պատասխանատուն էր բակի եւ շէնքի մաքրութեան, խոհանոցային աշխատանքների: Տղայ-աղջիկ աշխատում էին խոհանոցում, ճաշ պատրաստում, մատուցում, ամանները լուանում, մաքրում էին բակը, հետեւում դասասենեակների մաքրութեանը: Ամենօրեայ հերթապահութիւնը բարձրացնում էր պատասխանատուութեան զգացումը եւ դաստիարակում մաքրասիրութիւն: Բայց, ամենակարեւորը, երեխան հասկանում էր, որ իրեն վստահում են: Վստահում աւելի քան ընտանիքում:

Երեխաները մասնակցեցին, համակարգչի, տրամաբանութեան, դհոլի, ջութակի, կիթառի, նկարչութեան, երգ ու պարի, անգլերէնի, ֆրանսերէնի դասերի: Ամէն օր պատանիներին ցուցադրում էին հայրենասիրական կարճամետրաժ ֆիլմեր, կազմակերպուում էր ֆիլմի քննարկում:

015

Այս տարի մեզ միացաւ նաեւ Արեւիկ, Լանջիկ, Ձիթհանքով, Ազատան համայնքների ժողովրդապետ Տէր Նարեկ Թադեւոսեանը ու եղբայր Մայիսը՝ Ղազախստանից, ովքեր անցկացրեցին կրօնագիտութեան դասեր: Նկատի առնելով, որ երեխաներից շատերը անգամ պատարագների չէին մասնակցել, աղօթել չգիտէին եւ մկրտուած չէին, այս դասերը շատ կարեւոր եւ նպաստաւոր եղան:

Ճամբար այցելեց կաթողիկէ եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի առաջնորդ Հայր Ռաֆայէլ Մինասեանը, ով իր հայրական օրհնութիւնը փոխանցեց ճամբարականներին ու քաջալերեց ջոկատավարներին, իսկ վերջում մատուցեց Սուրբ Պատարագ:

016

Ամբողջ շաբաթ ջոկատները պատրաստում էին ճամբարի վերջին օրուան: Սա միակ օրն էր, որ ծնողները հնարաւորութիւն ունեցան իրենց աչքերով տեսնելու, թէ ինչ են սովորել երեխաները ճամբարում:

Ծնողներից շատերը ճանաչեցին իրենց երեխային նորովի ու բացայայտեցին նոր տաղանդներ:

Բակային ճամբարն աւարտուեց խարուկհանդէսով, հրաժեշտի ու հանդիպման ակնկալիքի երգերով:

Ամէն ինչ լուսաւոր էր փոքրիկների ճամբարի կեանքի նման, իրենց մանկական երազների ու սպասելիքների նման:

ՀԿՄ Պատանեկան մասնաճիւղերի պատասխանատու՝
ՍԱԹԵՄԻԿ ՎԱՆՈՅԱՆ