ՄՈՒՍԱ ԼԵՌ. 100 տարի առաջ… 100 տարի յետոյ

ՄՈՒՍԱ ԼԵՌ. 100 տարի առաջ… 100 տարի յետոյ

Այս խորագիրն էր կրում բեմադրող ռեժիսոր Սամուէլ Թադեւոսեանի փաստագրական ֆիլմը, որի շնորհանդէսը տեղի ունեցաւ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 18-ին: Ֆիլմը եւս մէկ անդրադարձ էր մեր հերոսական էջերից մէկին, հերոսամարտ, որը յատկապէս համայնավարութեան տարիներին Հայաստանի քաղաքացիներին ներկայացւում էր շատ կցկտուր եւ երբեմն աղաւաղուած փաստերով: Համայնավարութիւնից յետոյ միայն պատմաբանները սկսեցին լուրջ ուսումնասիրել եւ այլ լոյսի տակ ներկայացնել հերոսամարտն ու հերոս մուսալեռցիներին: Այն, ինչ տեղի ունեցաւ 100 տարի առաջ, եւս մէկ ապացոյց էր, որ հայը տկար չէ, հայը քոչուոր չէ եւ կարող է ցանկացած արհաւիրքի դէմն առնել:

«ՄՈՒՍԱ ԼԵՌ. 100 տարի առաջ… 100 տարի յետոյ» փաստագրական ֆիլմի առաջին մասում ներկայացւում են Մուսա լեռան վեց գիւղերի պատմութիւնը, կենցաղը, մշակոյթը: Ֆիլմի երկրորդ մասը մեր օրերի Մուսա լեռն է, Մուսա լեռը 100 տարի յետոյ՝ Լիբանանի Այնճար գիւղաքաղաքով: Ֆիլմում անդրադարձ է կատարւում Պետօ Ինճէեանին, ով 40 տարի առաջ իր վրէժխնդիր բազուկը ցոյց տուեց Փարիզում, Լիզպոնի տղաներին, Հայաստանի Մուսա լեռ ջոկատին։ Ֆիլմը աւարտուում է մուսալեռցու վերադարձով, վերադարձ հայրենիք։

Իր խօսքում բեմադրող ռեժիսորը նշեց. “Մաղթում եմ այնպիսի խաղաղութիւն, որի մէջ բոց լինի: Միշտ հասկանանք, որ պատերազմական իրավիճակում ենք: Իսկ Վագըֆում ծածանուող դրօշը յուշում է, որ մենք գործ ունենք անելու, գործ ունենք անելու Մուսա լեռան ստորոտում”։

Նշենք, որ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամեակի միջոցառումները հայրենիքում մեկնարկեցին սեպտեմբերի 15-ին։ Աշխարհի չորս կողմերից Հայաստանում էին համախմբուել հարիւրից աւելի մուսալեռցիներ։ Մուսալեռցիները նախ այցելեցին Եսայի Եաղուբեանի շիրիմ-յուշարձանին։ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցաւ գիտաժողով՝ նուիրուած հերոսամարտին, Հայոց ցեղասպանութեան թանգարանում բացուեց Մուսա լեռան հերոսամարտին եւ մուսալեռցիների կենցաղին նուիրուած ցուցասրահ։

Միջոցառումները եզրափակուեցին սեպտեմբերի 20-ին՝ Երեւանից Մուսալեռի յուշահամալիր քայլերթով եւ Մուսալեռ գիւղում հարիսայի պատրաստման հանդիսաւոր արարողութեամբ եւ շուրջպար հանդէսով։

 

ՌԱՏԻՕ ՄԱՐԻԱՄ