Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի այցը Կիւմրի՝ հայրական սիրոյ արտայայտություն է

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի այցը Կիւմրի՝ հայրական սիրոյ արտայայտություն է

Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Պապը, ինչպէս յայտնի է, Հայաստան կ’այցելի 2016 թ. յունիսի 24-26՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի եւ Արհի. Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանի (առաջնորդ` կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արլ. Եւրոպայի) հրաւէրով: Սրբազան Պապի այցին առթիւ այդ օրերին Հայաստանում կը լինի նաեւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը՝ հայ կաթողիկէ եպիսկոպոսների հետ:

Յունիսի 25-ին Նորին Սրբութիւնը կ’այցելի Կիւմրի: Սա կը լինի պատմութեան մեծ իրադարձութիւն. Կաթողիկէ (Տիեզերական) Եկեղեցու առաջնորդը՝ Սբ. Պետրոս առաքեալի յաջորդը, առաջին անգամ կ’այցելի Հայաստանի երկրորդ քաղաքը՝ մի համայնք, որի բնակիչները տասնամեակներ շարունակ պատշաճ ուշադրութեան կարիք ունեն՝ բոլոր առումներով: Երկրաշարժ տեսած, քաղաքական ու սոցիալական տրանսֆորմացիաների հետեւանքներն իրենց մաշկի վրայ աւելի ծանր զգացած, բայց պայքարող կիւմրեցիների համար առաւել մեծ նշանակութիւն կ’ունենայ միջազգային մեծազդեցիկ հոգեւոր ու բարոյական հեղինակութիւն ունեցող նման հոգեւոր առաջնորդի այցելութիւնը իրենց փոքրիկ քաղաքը: Ֆրանչիսկոս Պապը, ինչպէս եւ նրա նախորդները (յատկապէս` Սբ. Յովհաննէս Պօղոս Բ. Պապը, ով 2001թ. այցելեց Սբ. Էջմիածին եւ Երեւան) աղքատների, ճնշուածների, հաշմանդամների, ծերերի ու երեխաների, ցեղասպանութեան ու ռազմական ագրեսսիայի հետեւանքով տուժածների ազդեցիկ պաշտպան է, հոգատար հայր, ով չի վախենում ոչ միայն Սուրբ Աթոռում, այլեւ միջազգային կառոյցների ամբիոններից դատապարտել արատաւոր հասարակական ու տնտեսական երեւոյթները՝ մատնանշելով Եկեղեցու վարդապետութիւնը, որը բոլոր խնդիրների լուծման միակ ճանապարհն ու գրաւականն է: Նորին Սրբութեան այցը նաեւ խաղաղութեան հաստատման կարեւոր ուղերձ կը լինի ողջ տարածաշրջանին՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների ֆոնին:

pope-5Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապը իր ճամբորդութիւնների ընթացքում սիրում է անակնկալներ մատուցել հասարակ ժողովրդին, ովքեր, ծանրաբեռնուած իրենց առօրեայ հոգսերով, երջանկութիւնից ապշահար են լինում, երբ Պապը կանգնեցնում է իր մեքենան, դուրս գալիս ու ընկերոջ նման զրուցում նրանց հետ, անկեղծօրէն մխիթարում, կամ մի բան նուիրում:

Հայաստանում էլ, ինչպէս այլ երկրներում, Քահանայապետի այցելութեան ժամանակացոյցը վայրերով, անվտանգութեան նկատառումներով ու ամենայն մանրուքներով հանդերձ, հաշուարկուած է կազմակերպիչների կողմից, բայց Նորին Սրբութեան անակնկալներն անսպառ են եւ անկանխատեսելի, այնպէս որ շատ հետաքրքիր եւ հոգեւոր հարստութեամբ լի այցելութիւն ու փորձառութիւն է սպասւում բոլորիս:

Քահանայապետի՝ Կիւմրի այցելելու վճռական ցանկութեան գլխաւոր պատճառն, ի հարկէ, հայ կաթողիկէ համայնքի մեծաթիւ ներկայութիւնն է Հայաստանի հիւսիսային շրջաններում, որոնց կենտրոնը Կիւմրին է: Այստեղ է գտնւում նաեւ նորակառոյց Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցին, որ մայր տաճարն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի կաթողիկէ հայոց: Այս տաճարի օծման հանդիսաւոր արարողութեանը, որը նախագահեց Կարդինալ Լէօնարտօ Սանտրին, ինչպէս յիշում էք ներկայ էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ Արհի. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի հրաւէրով: Պապի այցը Կիւմրի՝ հայրական սիրոյ արտայայտութիւն է ոչ միայն իր կաթողիկէ հօտի, այլեւ՝ բոլոր Կիւմրեցիների հանդէպ:

Սրբազան Քահանայապետը Երեւանից Կիւմրի կը հասնի առաւօտեան ժամը 11:00-ից առաջ, եւ օդանաւակայանից կ’ուղեւորուի դէպի Վարդանանց հրապարակ: Վարդանանց հրապարակում՝ ուղիղ ժամը 11:00-ին, յատուկ պատրաստուած բեմի վրայ, Սրբազան Պապը կը մատուցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ համապատարագությեամբ հայ կաթողիկէ հոգեւորականների: Սբ. Պատարագը կը մատուցուի լատինական ծէսով, բայց՝ հայկական շարականներով, որոնք կը կատարեն Հայ Կաթողիկէ Եկեղեցու երգչախմբերը: Սբ. Պատարագի աւարտից յետոյ Նորին Սրբութիւնը կ’այցելի Սբ. Յօթվէրք հայ առաքելական եկեղեցի, կ’աղօթի Տիրամօր պատկերի առաջ: Նորին Սրբութեան Կիւմրի այցելութեան վերջին հանգրուանը կը լինի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցին, որտեղ ժողովրդապետի եւ հայ կաթողիկէ կղերի հետ միասին աղօթք կը բարձրացնի առ Աստուած, ապա հրաժեշտ կը տայ Կիւմրիին:

Պէտք է ասել, որ Սրբազան Քահանայապետի Կիւմրի այցելութեան կարեւոր հանգրուանների պատշաճ կազմակերպման գործում յատուկ ներդրում ունի Արհի. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, ում հրաւէրով է Պապն այցելում Կիւմրի: Կարեւոր է նաեւ մարզային եւ տեղական իշխանութիւնների դերը, ովքեր ստանձնել են հոգալ Հայաստանի եւ Վրաստանի համայնքներից դէպի Կիւմրիի հազարաւոր մարդկանց տեղափոխութեան հարցերի մասին:

Այժմ հայ կաթողիկէ համայնքները ակտիւօրէն պատրաստւում են Սրբազան Քահանայապետի պատմական այցին եւ, հոգեւորականների առաջնորդութեամբ ինքնակազմակերպւում են՝ առաւելագոյնս մեծ թիւով եւ պատշաճ ձեւով մասնակցելու յունիսի 25-ի Սբ. Պատարագին եւ լսելու Նորին Սրբութեան հայրական խօսքը:

27 ապրիլ 2016

ՏԷՐ ՅՈՎՍԷՓ ՔՀՆՅ. ԳԱԼՍՏԵԱՆ