Բակային ճամբար Սպիտակում

Բակային ճամբար Սպիտակում

Հայաստանի Սպիտակ քաղաքում տարիներ շարունակ իրենց գործունէութիւնն են ծաւալում Մայր Թերեզայի միաբանութեան քոյրերը: Քոյրերն այստեղ աշխատում են ի ծնէ հաշմանդամ կամ 88-ի աղէտի հետեւանքով հաշմանդամ դարձած փոքրիկների ու չափահասների հետ:

Իրականացուող սոցիալական եւ կրթական ծրագրերի մաս է կազմում նաեւ բակային ճամբարը, որն ամէն տարի կազմակերպուում է քոյրերի հոգածութեան տակ գտնուող մօտ 50 հաշմանդամի համար:

Այս տարի կազմակերպուած եռօրեայ բակային ճամբարին մասնակցեց 150 երեխայ Սպիտակ քաղաքից եւ յարակից համայնքներից: Ընտրուել էին սոցիալապէս անապահով, բազմազաւակ, զոհուած եւ վիրաւոր ազատամարտիկների երեխաները: Արդէն երեք տարի է բակային ճամբարին աջակցում են նաեւ Հայաստանի Հայ Կաթողիկէ Պատանեկան Միութեան պատասխանատուները:

Բակային ճամբարի առօրեան խիստ յագեցուած էր: Օրը սկսւում էր աղօթքով, մարմնամարզութեամբ, որին յաջորդում էին դասաժամերը: Փոքրիկները սովորում էին ձեռային աշխատանքներ, նկարչութիւն, պար, մասնակցում էին թմբուկի դասերին: Օրուայ անբաժան մասն էին կազմում նաեւ բակային խաղերը, սպորտլանդիաները: Օրուայ վերջում իւրաքանչիւր փոքրիկ ստանում էր նաեւ յատուկ իր համար նախատեսուած նուէրը:

Եռօրեայ ճամբարն աւարտուեց «Ժպտա՛ փոքրիկ» խորագիրը կրող միջոցառմամբ. փոքրիները ցոյց տուեցին այն ամէնը, ինչ հասցրել էին սովորել երեք օրուայ ընթացքում: Ջոկատավարներն էլ ներկայացրին «Բարի սամարացին» եւ «Անառակ որդու վերադարձը» առակները:

Բակային ճամբարը փոքրիկներին հնարաւորութիւն տուեց կտրուել առօրեայից, ինքնադրսեւորուել, ձեռք բերել նոր ընկերներ ու գիտելիքներ:

ՀԿՄ Պատանեկան մասնաճիւղերի պատասխանատու՝
ՍԱԹԵՆԻԿ ՎԱՆՈՅԱՆ