ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԱՆԱՆՑ ՍԷՐԸ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԱՆԱՆՑ ՍԷՐԸ

Դժուար է պատմել մի մարդու մասին, որի կողքին ես ապրում, ում ճանաչել ես շատ վաղուց: Քեզ համար նրա ողջ կեանքը, ստեղծագործական որոնումները, յաջողութիւններն ու հիասթափութիւնները առարկայանալով` յայտնուում են ափիդ մէջ, իսկ երբ հեռանում ես դէպի տարիների խորքը, նրա արածին նայում ես որպէս կողմնակի մարդ, հիւր եւ քննադատ, ապա նոր ես հասկանում, որ այս ամենասովորական, քչախօս ու աշխարհից ասես վերացած մարդը իր անչափելի համեստ կենսակերպով, հոգեկան թափառումների ու տքնաջան աշխատասիրութեան մարմնացում է:

Թանկ յիշողութիւններ են դառնում անցած օրերը: Յիշում ես, որ նրա հետ անցկացրած ժամերդ եղել են ոչ թէ ժամանակ սպառելու, օր մթնեցնելու պատրուակով հանդիպումներ, այլ այդ պահերին արծարծուել են հայկական ճարտարապետութեան անցած ու այսօրուայ վիճակի, արուեստի՝ օտար կամ հարազատ ուղղութիւնների, քաղաքակրթութեան ու մեզ շրջապատող աշխարհի մասին հոգսաշատ զրոյցներ: Հիմա արդէն մտածում եմ, որ ճարտարապետը պատահական թղթի վրա խծբծելիս ու ականջի մի ծայրով դիմացինին լսելիս էլ ստեղծագործել է, հակասել, համոզել իրեն, տարբերակներ որոնել, քննարկել ու հաստատել, փնտռել մտատանջող հարցի պատասխանը: Հազար ենթադրելիների մէջ գտել իր հարցի լուծումը, ասել է թէ՝ ճշմարտութիւնը: Գտնելով իրենը` հարստացրել է քեզ, ստեղծել քարեղէն մանրանուագ, սոնատ կամ սիմֆոնիա, ի լրումն բնութեան պատկերի, ասես կերտել աստուածաստեղծ մեր աշխարհի մասնիկը, որի յարատեւ ապրելու երաշխիքը ապահովուած է ի վերուստ, դեռեւս թղթի վրայ:

Յետոյ արդէն, ինքդ քեզ հետ մնալով, օրուայ անցուդարձը վերլուծելով` հասկացել ես, որ նոյնիսկ այն պահերին, երբ նա կռիւ է տուել ինքն իր դէմ, ժխտել ու հաստատել է ինքն իրեն, վեհի, գեղեցիկի մթնոլորտում թեւածող մտքերն ու ուրուանկարները անցել են քո սրտի միջով, անտես թելերով կապուել նեարդիդ հետ, թափանցել արեանդ մէջ: Մոռացել ես, որ այդ ամէնը քոնը չէ, այլ հոգով, մասնագիտութեամբ ու կերպարով ճարտարապետ Յակոբ Ջիվանեանինը` Հայաստանում իր համեստ կենսակերպով, մասնագիտական որակներով առանձնացող մի մարդու, որու դէմքի կնճիռները հետքերն են անքուն ստեղծագործ գիշերների, կառուցուող շէնքերի պատերի վրայ հողմավար քամուց ստացած ապտակների ու տարիների, որ աւելի արագ են սլանում, քան մինչ այսօր հնարուած ամէն մի սարք, քան մարդ արարածի երազանքի թռչունը:

Մարդ, մտաւորական-քաղաքացի, ճարտարապետ, որի վաստակը թղթի վրայ ձեւաւորուելուց յետոյ ամբողջանում է քարի մէջ, հաստատուում Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչումով եւ Հայաստանի վաստակաւոր ճարտարապետի վկայականով: Իսկ նրա վաստակը նշող պատուաւոր տիտղոսների միջակայքում եղել են բազում տառապանքի ու ուրախութեան տարիներ: Այդ գալար-գալար հոլովոյթում են ստեղծուել Հայաստանի գիւղերում ու քաղաքներում սփռուած ստեղծագործութիւնները, որոնք եկել են յաւերժացնելու երեւելի ինչ որ մէկին, ինչ որ երեւոյթ, իրենցով լրացրել են բնութեան բացերը, որտեղ մարդու աչքը կարօտ է եղել հաճելի տեսարանի, կամ ուր կայ սրբավայր եւ ուխտատեղի:

Յակոբ Ջիվանեանն համարեայ չի խօսում, իր փոխարէն հոգուդ հետ մտորում են նրա կառուցած յուշաղբիւրները, այգիներն ու պուրակները զարդարող նրբահիւս քարեղէն կերտուածքները, շէնքերը, յուշահամալիրները: Նա քեզ անտես թելերով կապում է իր արուեստին, որը ժառանգել է բնութեան հետ միաձուլուած միջնադարեան վանքերի ու տաճարների աւերակուած բեկորներից, խաչքարերից ու տանում է` անցնելով իր հարազատ քաղաքի հին թաղերի փրկուած մասունք շէնքերի կերպարների միջով, անցեալի հրաշագործ վարպետների մուրճի զնգոցից ծնուած գոհարների շարքերով:

Թուում է` Յակոբ Ջիվանեանն այս քաղաքում ապրում է ոչ թէ 60-70 տարի, այլ մի ողջ յաւերժութիւն, քանզի նրա յիշողութեան մէջ այս քաղաքի ոչ թէ 100, այլ հազարամեակների խորքը հեռացող պատմութիւնն է:

Եթէ ընդունենք, որ քաղաքն էլ բարբարոսների ասպատակութիւններով, աղէտներով, հարուստ պատկերազարդումներով գիրք է, այնուհանդերձ, ամէն անգամ փրկուել, նորոգուել, շէնացել է հայրենասէր ու կառուցող գիւմրեցու յամառ ջանասիրութեամբ: Այդ գրքի էջերից մի քանիսի հեղինակը ճարտարապետ Ջիվանեանն է իր ստեղծագործութիւններով, որոնցից ճառագում է հին վարպետների բազկի ու մտքի սլացքը` համեմուած ճարտարապետի հոգու եւ սրտի ջերմութեամբ:

Երեւանից Գիւմրի եկողին` քաղաքի մատոյցներում, առաջապահ ամրոցի նման, դիմաւորում է վեհաշուք մի յուշահամալիր՝ նուիրուած երկրորդ աշխարհամարտում զոհուած ազատանցիների յիշատակին: Այն Ճարտարապետի մտքի ու տաղանդի լաւագոյն արգասիքն է եւ էականօրէն տարբերուում է այլ վայրերում ու նոյն նպատակով կառուցուած յուշարձաններից: Այս հպարտ, առնական ու սլացիկ մատուռակերպ կառոյցը բարձրանալով վերածուում է ամրոցի աշտարակի, որի բարձրագահ գմբեթը չի աւարտուում վեղարով ու խաչով, այլ ներկայանում է որպէս փոքր ու մեծ զանգերի խումբ, որ ցանկացած տագնապալի պահի կարող է ահազանգել ու համախմբել մարդկանց:

Այն մշտարթուն մնալու, յաղթանակների դափնիների վրայ չննջելու կոչ է մեզ ու սերունդներին: Այս համալիրը ոչ միայն ազատանցիների հոգու պարտքի հատուցումն է զոհուածներին, այլեւ արժանապատիւ հպարտութեան արգասիք, առանց որի հետ ծանօթանալու գիւղից չի հեռանում ոչ մի հիւր: Այս համալիրը ոչ միայն գնահատուել է գիւղի հանրութեան կողմից, այլեւ լաւագոյն ստեղծագործութիւն է ճանաչուել եւ արժանացել ՀՀ պետական մրցանակի:

Եղեռնից մազապուրծ, հազար ու մի փորձութիւնների միջով անցած, արաբ, պարսիկ ու թուրք նուաճողներ 37 թուի սարսափներն ապրած, կուլակ ու բատրակ յորջորջուած, աքսորուած ու սիբիրների տառապանքի ճամբարներում տառապած, պատերազմներում հերոսացած մեր ժողովրդի մի մասնիկն էլ Բագրաւան գիւղի ջահելներն են եղել, որ գնացել են կռիւ ու չեն վերադարձել: Գիւղի հանրութեան խնդրանքով Յակոբ Ջիվանեանը յղացել է մի աղբիւր-յուշարձան, որ գիւղացիների համար սրբատեղի է, նաեւ հպարտութեան աղբիւր: Այս հոյակերտ ստեղծագործութիւնը դիտողի վրայ անջնջելի տպաւորութիւն է թողնում, մղում դառը խորհրդածութիւնների:

Լենինական քաղաքում շատ կառոյցներ զոհ գնացին 88-ի երկրաշարժին: Դրանց թւում նաեւ Ջիվանեանի նախագծով կառուցուած շէնքեր եւ կոթողներ: Որոշներն էլ անուշադրութեան մատնուեցին, քանզի իրենց վրայ կրում էին ժամանակի պարտադրուած գաղափարախօսութիւնը: Սակայն ես այն կարծիքին եմ, որ ինչ անուն ու մակագրութիւն էլ ունենային դրանք, միեւնոյնն է, իրենց վրա դաջուած էր հեղինակների, մեր դէպքում` Յակոբ Ջիվանեան ճարտարապետի ստեղծագործական հաւատամքի կնիքը՝ ազգային մշակոյթի լաւագոյն տարրերի կիրառմամբ:

Ճարտարապետական ցանկացած կառոյց` լինի դա փոքրիկ ծաղկի խանութ, թէ առանձնատուն, յուշարձան, թէ վարչական շէնք, զարդանկար, կերպար է քարէ հագուստի մէջ: Ինքը չի հաշուել ու չի յիշում քանի աղբիւր ու կոթող է նախագծել ու կառուցել, սակայն մինչեւ օրս էլ նրա ասեղնագործ քարակերտ ստեղծագործութիւնները զարդարում են մեր քաղաքը` նրա հանգստի անկիւնները դարձնելով աւելի հրապուրիչ ու գողտրիկ:

Յակոբ Ջիվանեանն իր մտածողութեամբ մեզանից հարիւրամեակներ առաջ ապրած ճարտարապետների ու խաչքարագործ վարպետների գործի արժանի հետեւորդն է, որ իր ամէն մի ստեղծագործութեամբ հոգի ու շունչ է տալիս քարակտորներին, դրանք դարձնում հոյակերտ, բովանդակալից ու մտերմիկ: Նրա ստեղծած փոքր ճարտարապետական ձեւերի հմայքը դրանց մոտիվների ու համամասնութիւնների մէջ է: Շատ ժանեակներ ու նախշեր իրենց չկրկնուող նրբագեղութեամբ ոսկերչական աշխատանքներ են յիշեցնում: Նուրբ հիւսուածքը, խորանալով քարի մէջ, նրան տալիս է վեհաշուք տեսք: Նրա բազմաթիւ աշխատանքներ, ինչպէս նշեցինք վերեւում, կուլ են գնացել 88-ի տարերքին, որոշներն էլ, թէեւ գոյատեւում են, սակայն շրջափակուած են տնակներով, ապօրինի կառոյցներով: Ահա դրանցից մէկը՝ մայրաքաղաք Անիի հազարամեակին նուիրուած վեհաշուք կոթողը՝ բուսաբանական այգու տարածքում: Որքան էլ այն մօտ է ամէնքիս սրտին ու մտքին, այնուհանդերձ, աղէտից շուրջ երեք տասնամեակ անց չի ազատուել իրեն կապանքող աւերակների մնացորդներից ու տնակների հարեւանութիւնից, աւելին` չի էլ բարեկարգուում, մինչդեռ կարող էր սերունդների համար դառնալ Անիի տեսիլքի մասին պատմող կենդանի դասագիրք:

Գիւմրիում շրջելիս քաղաքային այգում, Գարեգին Նժգեհի փողոցում, Թբիլիսեան խճուղում, կենտրոնական հրապարակի հարեւանութեամբ, Յաղթանակի պողոտայում եւ այլուր կը հանդիպէք նրա ստեղծագործութիւններին: Նրա գործերին կը հանդիպէք հեռաւոր Տարտու քաղաքում, որը մեր ծննդավայրի քոյր քաղաքներից է: Ճարտարապետը նաեւ բազմաթիւ բնակելի, հասարակական նշանակութեան կառոյցների, թաղամասերի բարեկարգման նախագծերի հեղինակ է:

Ջիվանեանը անցած դարի երկրորդ կէսից մինչ այսօր մեր ճարտարապետական ընտանիքի վառ ներկայացուցիչներից է, մեր կեանքի ուղեկիցը: Նրա ստեղծած ցանկացած կառոյց ներդաշնակ է միջավայրին, յատկապէս նրանք, որ կառուցուել են քաղաքի պատմական միջուկում, քանզի նա անքակտելիօրէն կապուած է ազգային դասական ճարտարապետութեան եւ գիւմրվա հրաշագործ վարպետների թողած աւանդների հետ: Նրա ձգտումն է՝ ստեղծագործաբար օգտագործել ազգային աւանդոյթները, այդ անհատնում գանձարանից ընտրել լաւագոյնը, նրան տալ նոր շունչ, մեկնաբանել արդիական քաղաքաշինութեան պահանջներին համապատասխան: Այդպիսին է Ամենափրկիչ եկեղեցու հարեւանութեամբ տեղադրուած եւ քաղաքի տարեգրութեան մասին պատմող քառասիւն կոթողը: Դրանցից մէկն էլ Երեւանի պանթէոնում վաղամեռիկ գեղանկարիչ Մինաս Աւետիսեանի շիրիմը զարդարող յուշասիւն խաչքարն է` տաղանդաշատ արուեստագէտի յիշատակին արժանի, հոգուն հարազատ, գեղարուեստական մեծ ճաշակով ստեղծուած ճարտարապետական փոքր չափի գոհար:

Աղէտից յետոյ, երբ հողին հաւասարուեց Շահումեան փողոցի շէնքերից մէկում գտնուող, ուրոյն յարդարմամբ արուեստանոցը, Ջիվանեանը առանձնատուն կառուցելու յարմար տեղ էր փնտռում, որ այլեւս կախուած չլինի որեւէ կասկածելի սէյսմակայունութեամբ շէնքում ապրելու եւ ստեղծագործելու հետ: Որոշեց գնալ աղմուկից հեռու, աննկատ մի վայր, ուր կարող էր ընբոշխնել բնութիւնն իր անկրկնելի քմայքներով: Ընտրեց Ազատան գիւղի ծայրամասը, ուր անանուն ձորի պռնկին, ժայռերի վրայ կառուցեց ապառաժների մաս կազմող ու նրանցից վեր յարնող գողտրիկ առանձնատուն, որ ինքնին բնութեանը ձուլուած ներդաշնակ կառոյց է, վարպետի լաւագոյն ստեղծագործութիւններից մէկը:

Մինասի ու Յակոբ Անանիկեանի հետ հոգեւոր եղբայրներ էին՝ կապուած մեծ բարեկամութեամբ ու սիրով, եւ նրա տան պատերից նայող կտաւների հիմնական մասը, թէեւ Յակոբ Ջիվանեանի վրձնի արգասիքն են, սակայն դրանց շարքում առանձնակի տեղ ունեն բարեկամ արուեստագէտների գործերը:

Վերջին տարիների նրա ամենակարեւոր ու նշանակալի նախագիծը վերջերս աւարտուն տեսք ստացաւ. դա «Սրբոց Նահատակաց» եկեղեցին է: Այն կառուցուել է Կաթողիկէ առաջնորդարանի ու ժողովրդական ճարտարապետութեան եւ կենցաղի թանգարանի հարեւանութեամբ՝ Յաղթանակի պողոտայում:

Գիւմրիում կառուցուած «Սրբոց Նահատակաց» եկեղեցին շրջանի մէջ ներգծուած ութանիստ է, որը բաւականին մեծ յուսալիութիւն է ապահովում կառոյցի համար, քանի որ բոլորակ ծաւալը աւելի սէյսմակայուն է: Ութ խաչուող կամարները յենուում են որմնասիւններին` թոյլ տալով, որ աղօթասրահն լինի ընդարձակ ու լուսաւոր: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անուանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանութեան Սուրբ նահատակների անմար յիշատակին:

Հայ Կաթողիկէ «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողութիւնն ու Սուրբ պատարագը տեղի ունեցան սեպտեմբերի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդի ներքոյ՝ տարելիցի յիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Հանդիսություններին ներկայ էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, ՀՀ պաշտօնատար անձինք, Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ, Հայ Կաթողիկէ եկեղեցու Սիւնհոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպէս նաեւ եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հիւրեր տարբեր երկրներից: Արարողութիւնը կատարուեց Վատիկանի Արեւելեան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լէոնարտօ Սանտրիի եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տէր Գրիգոր Պետրոս Ի․ Կապրոյեանի համանախագահությամբ: Եկեղեցու բացման կապակցութեամբ Պապական Նուիրակ Մարեկ եպիսկոպոս Սոլչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսներից բաղկացած պատուիրակութիւնը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնութեան խօսքը:

Մեր ընթերցողին յիշեցնենք, որ Գիւմրիում դեռեւս 19-րդ դարի կէսերից գործել է «Սուրբ Աստուածածին» կաթողիկէ եկեղեցին: Այն կառուցուել է «Սլաբոդկա» կոչուող թաղամասում՝ 1843-1855 թուականներին: 1926 թուականի երկրաշարժին եկեղեցին մասամբ աւերուել է, ապա դարձել մի քանի ընտանիքների բնակարան:

Նաեւ ի շնորհիւ Հայաստանի վաստակաւոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Յակոբ Ջիվանեանի, Գիւմրու հոգեւոր տաճարներից թիւն աւելացաւ եւս մէկով, ու հաւատացեալ ժողովրդին առաւօտեան պատարագի կանչող եկեղեցիների զանգերի ղօղանջը վերածուեց համանուագի:

Այսպիսին է, մեր ընթերցմամբ, ճարտարապետ Յակոբ Ջիվանեանի ապրած կեանքի եւ ստեղծագործական ճանապարհի ուրուանկարը, որ շարունակուում է, ամբողջացնելով նրա նկարագիրը, մեզ պարգեւելով գեղեցիկի հետ հանդիպման անզուգական պահեր:

 

ՅԱԿՈԲ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ