Սբ. Գրիգոր Լուսաւորչի ելքը Վիրապից, տoնի խորհուրդը եւ Պապի գալիք այցը

Սբ. Գրիգոր Լուսաւորչի ելքը Վիրապից, տoնի խորհուրդը եւ Պապի գալիք այցը

«Մարդ իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ» (Յովհ. 3:27)

2016թ. մայիսի 28-ին Հայ Եկեղեցին կը յիշատակի «Սբ. Գրիգոր Լուսաւորչի ելն ի վիրապէն» տօնը:

Սա Հայ եկեղեցու մեծ տօներից մէկն է, որը յիշատակւում է Սբ. Հռիփսիմեանց եւ Սբ. Գայանեանց տօներին յաջորդող շաբաթ օրը:

 

Տօնի խորհուրդը եւ պատմութիւնը

Հայ ժողովրդի համար շրջադարձային եղաւ 301թ.ը: Հայաստանը առաջին հեթանոս երկիրն էր, որը այդ թուականին քրիստոնէութիւնը հռչակեց որպէս պետական կրօն: Հայ պատմագրութեան համաձայն, երբ 287 թուականին Տրդատը հռոմէական զօրքի օգնութեամբ վերադառնում է Հայաստան վերագրաւելու իր հօր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստուածուհու մեհեանին: Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնեայ լինելով, հրաժարւում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին յայտնի է դառնում նաեւ, որ նա իր հօր` Խոսրով Բ.ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան փակել Արտաշատի ստորերկրեայ բանտում` Խոր Վիրապում, որը սահմանուած էր մահապարտների համար: Գրիգորը այստեղ փակուած մնում է 13 տարի:

Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ելքը վիրապից նշանակալի իրադարձութիւն է.այդ առանցքային հանգրուանից սկիզբ առաւ քրիստոնէութեան լայն տարածումը Հայաստանում:

Ըստ պատմութեան, հայոց Տրդատ արքան Հռիփսիմէին, Գայանէին եւ միւս կոյսերին սպանել տալուց յետոյ ծանր հիւանդանում է: Տրդատը որսի գնալիս կառք էր նստել: Եւ հենց այդ պահին էլ նրան «Տիրոջ պատուհասը հասաւ». նա իր մարդկային կերպարանքից զրկուեց եւ նմանուեց վայրի խոզի: «Այնուհետեւ, մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձաւ, անզգայութեամբ դաշտերում կրծելով իր մերկ մարմինը», գրում է Ագաթանգեղոսը: Նրա հետ միասին հարուածներ ստացան նաեւ թագաւորի բոլոր մերձաւորները, ծառաներն ու սպասաւորները: Այս վիճակը տրտմութիւն եւ խոր մտահոգութիւն առաջացրեց ողջ պալատականների եւ հայոց ազգի շրջանում: Այդ ժամանակ լուսեղէն մի տեսիլք երեւաց Տրդատի քրոջը` Խոսրովիդուխտին, եւ ասաց նրան. «Ձեզ հասած հարուածներից չէք բժշկուի, եթէ Արտաշատի Խոր Վիրապից չհանէք այնտեղ նետուած Գրիգորին: Նա կը գայ եւ կ’ուսուցանի ձեզ` ինչպէս բժշկուել ցաւերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին եւ ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ վիրապն էր իջեցուել Տրդատի հրամանով մահուան դատապարտուած Գրիգորը: Երկար հաստ պարաններ իրար կապելով` իջեցրին գուբը: Ապա բարձր ձայնով աղաղակեց նախարարը. «Գրիգո՜ր, եթէ ողջ ես` դո՛ւրս արի, որովհետեւ քո Տէր Աստուածը հրամայեց հանել քեզ այդտեղից»: Գրիգորը անմիջապէս ոտքի կանգնեց, ամուր բռնեց պարանը եւ այն շարժեց: Պալատականների ծաղրն ու ծիծաղը զարմանքի վերածուեց, իսկ զարմանքը` վախի: Նրան փոսից հանեցին եւ տարան Վաղարշապատ:

Պատմութիւնն ասում է, որ Գրիգորը աղօթքով ու պաղատանքով Աստծուց թագաւորի համար բժշկութիւն է խնդրում: Արքան ապաքինւում է` դառնալով Գրիգոր Լուսաւորչի քրիստոնէական քարոզչութեան լծակիցը:

Հայոց հողում կործանւում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացւում են Տէրունական խաչեր: Քրիստոնէութիւնը հռչակւում է հայոց պետական կրօն: Մեծաշուք հանդիսաւորութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչն ուղարկուում է Կեսարիա, ուր ձեռնադրւում է Հայաստանեայց Սուրբ եկեղեցու առաջին հովուապետ:

Ամբողջ Հայոց երկրում սկսուեց քրիստոնէական քարոզչութիւնը: Սբ. Գրիգորի կամքով եւ թագաւորի հրամանով երկրի տարբեր նահանգներից, գաւառներից մանկահասակ երեխաներ բերեցին, որպէսզի հմուտ ուսուցիչները կրթեն նրանց: Շէն ու անշէն շատ վայրերում վանականների բազում խմբեր ստեղծեց։

Սբ. Գրիգորը իր աշակերտներից արժանաւորներին մինչեւ եպիսկոպոսական աստիճանի հասցրեց ու ձեռնադրեց:

Սբ. Գրիգոր Լուսաւորիչը թողել է մատենագիտական ժառանգութիւն: Նրա անունով մեզ է հասել «Յաճախապատում» գիրքը, որը պարունակում է քսաներեք ճառ: Դրանք բովանդակում են հաւատի եւ քրիստոնեավայել վարքի բացատրութիւնները: Ագաթանգեղոսը յիշատակում է նաեւ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» գրուածքը:

pope-6

Խորհրդանշական այց

Օրուայ խորհրդի շրջանակում տեղին է նկատել, որ պատահական չէ դէպի Խոր Վիրապ Սրբազան Ֆրանչիսկոս Քահանայապետի 2016թ. յունիսի 26-ին նախատեսուած այցը, Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի հետ միասին, եւ նաեւ, Քահանայապետի այցելութեան պաշտօնական պատկերանշանի վրայ Խոր Վիրապի առկայութիւնը: Ամբողջ Ընդհանրական Եկեղեցու գլուխը՝ յաջորդը Պետրոս առաքեալի, ով Հռոմում սկիզբ դրեց քրիստոնէական Ընդհանրական Եկեղեցուն, կ’այցելի հայ ժողովրդի հոգեւոր ծննդեան օրրանը եւ այնտեղ աղօթք կը բարձրացնի առ Աստուած՝ միաժամանակ աշխարհի ուշադրութիւնը սեւեռելով հայ ժողովրդի քրիստոնէական պատմական արմատների եւ դարաւոր ճանապարհի վրա: Հռոմում սկիզբ առաւ Ընդհանրական կամ Կաթողիկէ Եկեղեցին, իսկ Խոր Վիրապի գբից՝ Հայ Եկեղեցին:

Երբ 2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Պապի կողմից Սբ. Գրիգոր Նարեկացին հռչակուեց Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ, նրա պատմական դերը քրիստոնէութեան հոգեւոր գանձարանում իմաստաւորուեց նոր լոյսի տակ: Այդպէս նորովի կ’իմաստաւորուի նաեւ Խոր Վիրապն ու Սուրբ Գրիգոր Լուսաւորչի դերը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ քրիստոնէության պատմութեան մէջ եւ հոգեւոր գանձարանում:

Սա հոգեւոր արմատների միասնական վերարժեւորման, վերաիմաստաւորման եւ յիշողութեան արդիականացման մի գեղեցիկ խորհրդանշական այց կը լինի, որի մասին արժէ խորհրդածել:

27 մայիսի, 2016

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆ
Տ. ՅՈՎՍԷՓ ՔՀՆՅ. ԳԱԼՍՏԵԱՆ